24 մայիսի 2013 - 20:34 AMT
ՀԱՊԿ հայտով ՌԴ բուհերում սովորելու 25 տեղի համար ԿԳՆ-ն մրցույթ է հայտարարում

ՀԱՊԿ քարտուղարության հայտի հիման վրա 2013-2014 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթություն ստանալու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 25 կրթաթոշակային տեղի համար /բակալավր և դիպլոմավորված մասնագետ/: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների շրջանավարտները կամ ավարտական դասարանում սովորող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են ռուսերեն լեզվին:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝

• դիմում՝ մրցույթին մասնակցելու համար,

• դիմում-հարցաթերթիկ,

• ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկներ /տպատառ լրացրած/,

• միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական դասարանի առաջադիմության տեղեկանք

/գնահատականներով/` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,

• անձնագրի պատճենը` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,

• ծննդականի պատճենը՝ նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,

• բժշկական տեղեկանքներ՝ ընդհանուր առողջության և ՁԻԱՀ/ՄԻԱՎ վերաբերյալ /ռուսերեն լեզվով/,

• 3x4 չափի 6 գունավոր լուսանկար,

• արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով (փաթեթ + 2 պատճեն): Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` հունիսի 1-ը (ներառյալ):

Մրցույթը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) հունիսի 3-ից 7-ը ընկած ժամանակահատվածում: