24 մայիսի 2013 - 20:43 AMT
Թանգարանային գիշեր 2013. Ամփոփում` 89 թանգարան, 169.614 այցելու

Մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրը, կայացել է նաև «Թանգարանների գիշեր» միջոցառումը` «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրով: Այս տարի առաջին անգամ միջոցառմանը միացել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 5 թանգարաններ:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականին նախօրոք հայտարարված 88 թանգարանի փոխարեն միջոցառմանը մասնակցել է 89 թանգարան: Ակցիային այս տարի ևս միացել էր Սերգեյ Փարաջանովի թանգարանը` իր հարկի ներքո ընդունելով շուրջ 1500 այցելու: Այսպիսով, 2013 թվականին միջոցառմանը մասնակցել են Հայաստանի և Արցախի 89 թանգարան: Այցելուների թիվն անցած տարվա նկատմամբ աճել է 34.614–ով և կազմել 169.614 այցելու: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

Մայիսի 22-23-ը Թանգարանների միջազգային օրվա շրջանակում առաջին անգամ անցկացվել է «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրով երիտասարդ թանգարանագետների գիտաժողովը, որտեղ զեկույցներով հանդես են եկել ՀՀ և ԼՂՀ թանգարանների 20 մասնակիցներ: Գիտաժողովի շրջանակում տեղի են ունեցել երիտասարդ թանգարանագետների և թանգարանագիտության ոլորտում արդեն իսկ մեծ ներդրում ունեցող մասնագետների հանդիպումներ, փորձի փոխանակումներ, ձեռք են բերվել թեմատիկ սեմինարներ անցկացնելու պայմանավորվածություններ: Գիտաժողովը կրելու է շարունակական բնույթ: Զեկուցումների սեղմագրերը կհրատարակվեն Էլեկտրոնային տարբերակով: