24 մայիսի 2013 - 21:39 AMT
Ոստիկանապետը` Արմավիրում. Ձեռնպահ մնացեք խնդիրները հակաօրինական ճանապարհով լուծելու մտքից

Այսօր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենատ Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է Արմավիրի մարզի՝ ավերիչ կարկուտից տուժած համայնքների գյուղապետերի և մարզային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների հետ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնելով գյուղացու հոգսը թեթևացնելուն ուղղված ոստիկանության ձեռնարկումները՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ այս անգամ էլ ոստիկանությունն անմասն չի մնա բնական աղետից տուժած հողագործների խնդիրների լուծմանն աջակցելուց և այդ ուղղությամբ արդեն իսկ գործնական քայլեր են արվել:

Վլադիմիր Գասպարյանը հանդիպման մասնակիցներին հորդորել է ձեռնպահ մնալ խնդիրները հակաօրինական ճանապարհով լուծելու մտադրությունից, և գյուղապետերին կոչ արեց սերտորեն աշխատել ոստիկանության տարածքային կառույցների հետ, իսկ այդ ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգել է ոչ միայն քաջատեղյակ լինել բնակչության հոգսերին ու մտահոգություններին, այլև գործնականում օգնել դրանց լուծմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղապետերին հուզող այլ հարցեր ևս, որոնց լուծման վերաբերյալ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության համապատասխան ծառայությունների պատասխանատուներին տվեց կոնկրետ հանձնարարականներ: Հանդիպումից հետո Վլադիմիր Գասպարյանն առանձնազրույց ունեցավ գյուղապետերի հետ, մանրամասն ծանոթացավ համայնքների հիմնահարցերին և պատրաստակամություն հայտնեց օժանդակելու դրանց կարգավորմանը: