25 մայիսի 2013 - 11:00 AMT
Աշխատանքի տոնավաճառ․ Երևանում աշխատանք է փնտրում մոտ 21․000 մարդ

Այսօր Երևանում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համագործակցությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։

Տոնավաճառի նպատակն է աջակցել աշխատանք փնտրողներին, մասնավորապես երիտասարդներին, հանդիպել գործատուների հետ, ծանոթանալ և դիմել առաջարկվող առկա և սպասվող թափուր աշխատատեղերի համար, ընդգրկվել տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում աշխատանքի առաջարկ ստանալու ակնկալիքով։

Գործատուները հնարավորություն կունենան գտնել համապատասխան հմտություններով մասնագետներ, ստեղծել որակյալ մասնագետների տվյալների բազա։ Տնտեսագիտական համալսարանի ուսանողներն էլ կկարողանան ծանոթանալ գործատուի կողմից մասնագետին ներկայացվող պահանջներին։ «Զբաղվածության պետական ծառայությունն» ավելի հասցեական ու նպատակաուղղված կդարձնի զբաղվածության ծրագրերը:

Աշխատանքի տոնավաճառին կմասնակցեն 50 գործատու և շուրջ 2000 աշխատանք փնտրող: Գործատուների կողմից կներկայացվի շուրջ 220 առկա և 10 սպասվելիք թափուր աշխատատեղ:

Երևանում 2013թ.-ի մայիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 20931, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 16.3%-ով (24341 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ նվազել է 3.4 %-ով (21706 մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 88.4%-ը կամ 18494 մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 19.0 %-ով (22016 մարդ): Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 74.9%-ը, կամ 13857 մարդ:

Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում ինժեներները, բուժքույրերը, տնտեսագետները, հաշվապահները, մանկավարժները, իրավաբանները, մեքենագրուհիները, տեխնիկները, վաճառողները, վարորդները և այլն: Աշխատանք փնտրողների թվաքանակի մեջ մեծ թիվ են կազմում աշխատաշուկայում անմրցունակ անձինք, մասնավորապես 3 տարուց ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվող անձանց թիվը մայիսի 1- ի դրությամբ կազմել է 2791 մարդ կամ 15.1%, հաշմանդամություն ունեցող անձինք` 360 մարդ կամ չզբաղվածների 1.9 %-ը: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 1632 աշխատանք փնտրող: