27 մայիսի 2013 - 14:53 AMT
Զահիդ Օրուջն առաջարկում է ներգրավել ՆԱՏՕ-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում

ՆԱՏՕ-ն իրական լիազորություններ ու հնարավորություններ ունի վերահսկելու բոլոր տարածաշրջանային ու միջազգային գործընթացները, ուստի կարևոր է այդ կառույցները ներգրավել ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այդ մասին ասել է Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր, Զահիդ Օրուջը:

Ըստ Օրուջի, այսօր հարկավոր է առավել ակտիվ կապեր հաստատել Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի միջև: «Չնայած, որ մենք Չմիավորման շարժման մասնակիցներ ենք, անվտանգության ձևաչափը հենց ՆԱՏՕ-ն է: Եթե Ադրբեջանը չի անդամակցում Ռուսաստանի ստեղծած ռազմական դաշինքներին, և եթե տարածաշրջանում հնարավոր չէ չեզոքություն պահպանել, ինչպես Շվեյցարիայում, ապա հարկավոր է բազմապատկել ջանքերը ՆԱՏՕ-ի հետ կապերը սերտացնելու ուղղությամբ»,-ասել է պատգամավորը: «Հարկ չկա անհանգստանալու Ղարաբաղի հարցին ՆԱՏՕ-ի վերաբերմունքի առումով»,-ասել է ադրբեջանցի պատգամավորը:

«Այնպիսի կառույցը, ինչպիսին ՆԱՏՕ-ն է, գիտի, թե որտեղից են բխում այդ տարածաշրջանի խնդիրները, ուստի չի ուզում բացահայտ կերպով միջամտել հակամարտությանը: Սակայն այդ կառույցի գագաթաժողովներում ընդունվել են փաստաթղթեր, որոնք պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ցանկացած համաձայնագիր, որը կստորագրվի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, պետք է կյանքի կոչվի որոշակի ուժի միջոցով: Եվ այստեղ կհիշեն ՆԱՏՕ-ի մասին, քանի որ ԵԱՀԿ-ն չունի ռազմական կառույցներ»,-ասել է Օրուջը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: