27 մայիսի 2013 - 15:28 AMT
ՀԱԿ պատգամավոր. Գալուստ Սահակյանն իր կոռեկտությամբ երբեք չի փայլել

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր կոռեկտությամբ երբեք չի փայլել: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն` անդրադառնալով ԱԺ անցած քառօրյայի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ուղղված Գալուստ Սահակայանի հայտարարությանը, թե «ԱԺ-ն մայրուղի չէ, որ երբ մեքենա կանգնեցնեն, չկանգնի, նեղանան»:

«Գոնե այս տարիքում, այն էլ երիտասարդ կնոջ նկատմամբ, նա պետք է իրեն կոռեկտ պահի: Զարուհի Փոստանջյանն ընտանիք ունի, չորս երեխաների մայր է և որևէ մեկն իրավունք չունի նրան վիրավորելու: Դա լուրջ էթիկայի խախտում է»,- ասաց ՀԱԿ պատգամավորը, ով նաև ԱԺ էթիկայի հանձնաժովի անդամ է, սակայն բոյկոտում է հանձնաժողովի նիստերն այն պահից, երբ ՀՀԿ պատգամավորների նախաձեռնությամբ հանձնաժողովում իշխող մեծամասնության անդամների թիվն ավելացավ:

Լյուդմիլա Սարգսյանը նկատեց, որ Գալուստ Սահակյանն ի լուր աշխարհի վիրավորել է կին պատգամավորին և եթե նրա վարքագիծը չքննարկվի, ապա մյուս պատգամավորների հարցն անիմաստ է դնել որևէ հանձնաժողովի օրակարգում:

Անդրադառնալով Էթիկայի հանձնաժողովի գործունեությանը, Լյուդմիլա Սարգսյանը նկատեց, որ եթե այն չվերադառնա նախկին համամասնությանն, ապա կշարունակի անիմաստ համարել այդ հանձնաժողովի աշխատանքը: Նա նշեց, որ ՀՅԴ պատգամավորները ևս այդ կարծիքին են և այս խմբակցությունն էլ է բոյկոտում նիստերը: Լյուդմիլա Սարգսյանը հույս հայտնեց, որ մյուս խմբակցությունները ևս կմիանան իրենց: