27 մայիսի 2013 - 17:01 AMT
Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել ՌԴ իշխանություններին՝ հայերի հանդեպ հոգատար վերաբերմունքի համար

Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզի պատվիրակությանը Կուրսկի մարզի նահանգապետի տեղակալ, ներքին քաղաքականության կոմիտեի նախագահ Լյուդմիլա Գրեբենկովայի գլխավորությամբ: Հանդիպման սկզբում պատվիրակության անդամ, Ռուսաստանի հայերի միության Կուրսկի տարածքային կազմակերպության նախագահ Ալեքսան Կոշտոյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց պատվիրակության անդամներին և Հայաստան այցելության նպատակը:

Այնուհետև հյուրերի այցը համայն հայության հոգևոր կենտրոն ողջունեց Նորին Սրբությունը: Վեհափառ Հայրապետը պատվիրակության անդամներին համառոտ ներկայացրեց Հայ եկեղեցու պատմությունը, Խորհրդային միության տարիներին եկեղեցու կրած դժվարությունները և ներկա վիճակը՝ ընդգծելով եկեղեցու կարևոր դերը հայ ժողովրդի հոգևոր, ազգային և մշակութային կյանքում: Խոսելով հայ և ռուս ժողովուրդների բարեկամական կապերի ձևավորման գործում Հայ եկեղեցու դերակատարության մասին, Ամենայն Հայոց Հայրապետը մասնավորապես կարևորեց երկու ժողովուրդների բազմադարյա ջերմ հարաբերությունների հետագա սերտացումն ու զարգացումը մշակույթի, տնտեսության և այլ ոլորտներում:

Անդրադառնալով Ռուսաստանի հայկական համայնքին՝ Վեհափառ Հայրապետն իր մասնավոր շնորհակալությունը հայտնեց ՌԴ իշխանություններին՝ հայ ժողովրդի զավակների նկատմամբ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների սերտ կապերին, եկեղեցի-պետություն հարաբերություններին, ինչպես նաև երիտասարդ սերնդի հոգևոր դաստիարակության անհրաժեշտությանը: