27 մայիսի 2013 - 18:11 AMT
Արշալույս գյուղում մեկնարկել է նետաձգության Եվրոպայի Գրան Պրիի 2-րդ փուլը

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում մեկնարկել է նետաձգության Եվրոպայի Գրան Պրիի 2-րդ փուլը: Մրցաշարին ելույթ են ունենալու 11 երկրների մարզիկներ: Հայաստան են ժամանել նետաձիգներ Բելգիայից, Մալազիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Իտալիայից և այլն: Հայաստանի հավաքականը հանդես է գալու 22 մարզիկներով:

Բացման արարողության ժամանակ ելույթ են ունեցել Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանը, սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը և Գրան Պրիի 2-րդ փուլի գլխավոր մրցավար Պետրու Պետրովը: Նրանք ողջունել են բոլոր մարզիկներին և մաղթել հետաքրքիր և անզիջում պայքար:

Բացմանը ներկա է եղել նաև Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին, որը հանդիպել է իր երկրի մարզիկների հետ: Մարզիկներն իրենց մրցելույթները սկսելու են մայիսի 28-ին, իսկ մրցաշարն ավարտվելու է հունիսի 1-ին: