Հայաստանի և Չեխիայի ազգային գրադարանները գործակցելու են

Հայաստանի և Չեխիայի ազգային գրադարանները գործակցելու են

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարության հրավերով մայիսի 27-29-ը Հայաստանում է Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարար Ալենա Հանակովայի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:

ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր կայացած հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ողջունել է գործընկերոջն այցի կապակցությամբ և նշել, որ հայ-չեխական մշակութային հարաբերությունները գտնվում են պատշաճ մակարդակի վրա և առաջիկայում այն կունենա իր արժանի շարունակությունը:

Հ. Պողոսյանը կարևորել է 2010 թ. դեկտեմբերի 10-ին «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չեխիայի Հանրապետության Կառավարության միջև մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի բնագավառներում համագործակցության մասին» hամաձայնագիր ստորագրումը: Երկկողմ համագործակցություն շրջանակում Հայաստանի ստեղծագործական խմբերը և անհատ կատարողները պարբերաբար մասնակցել են Չեխիայում կայացած միջազգային մրցույթներին և փառատոներին: Ուշագրավ է Հայաստանի մանկական կամերային նվագախմբի մասնակցությունը Պրահայի «Աշնանային հեքիաթներ» միջազգային փառատոնին, որտեղ հայ շնորհալիներն արժանացել են գլխավոր՝ Գրան պրի և «Գործիքային դասական երաժշտություն» անվանակարգում առաջին մրցանակների:

Հայաստանը փայլուն մասնակցություն է ունեցել նաև «Պրահայի Քվադրինալե» փառատոն-ցուցահանդեսին, որն անցկացվում է 1967 թվականից և բեմական ձևավորման ոլորտում աշխարհի լավագույն միջազգային իրադարձություններից է: Նախարարն ուրախությամբ նշել է նաև, որ հայ երեխաները պարբերաբար մասնակցել են «Լիդիցե»-ի մանկական գեղանկարչության միջազգային մրցույթ-ցուցահանդեսին և արժանացել պատվավոր մրցանակների: Զրույցի ընթացքում Հ. Պողոսյանը կարևորել է Չեխիայի ստեղծագործական խմբերի և անհատ կատարողների մասնակցությունը Հայաստանում անցկացվող «ՀայՖեստ» թատերական միջազգային փառատոնին և «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնին, իսկ մշակութային տեղեկատվության ոլորտում՝ Չեխիայում հրատարակվող «Օրեր» ամսագրի դերը, որի տպագրմանը ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում ՀՀ մշակույթի նախարարությունը:

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են փոխհամագործակցության հետագա զարգացման խնդիրներ և ապագա համատեղ ծրագրերի իրականացման հարցեր՝ թատրոնի /երիտասարդների համատեղ բեմադրության/, կինոյի, ժամանակակից արվեստի, գրական-թարգմանական, մանկական ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Հանդիպման վերջում ստորագրվել է «Հայաստանի և Չեխիայի ազգային գրադարանների միջև 2013-2015 թթ. համագործակցության պայմանագիր»: Պայմանագիրը ստորագրել են Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը և Չեխիայի Հանրապետության ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Թոմաշ Բոհմը: Համագործակցության շրջանակներում կիրականացվեի «Հայ գիրքը Չեխիայում» մատենագիտական ցանկի պատրաստում, ներառյալ հայ հեղինակների և Հայաստանի վերաբերյալ գրքերի թարգմանություններ, «Չեխական գիրքը Հայաստանում» մատենագիտական ցանկի պատրաստում, ներառյալ չեխ հեղինակների թարգմանությունները, Չեխիայի և նրա պատմական տարածքների վերաբերյալ հրատարակություններ, համատեղ ցուցահանդեսների կազմակերպում. յուրաքանչյուր ցուցահանդեսի համար կկնքվի առանձին պայմանագիր, հայ հնատիպ (1512-1800 թթ.) և վաղ շրջանի (1801-1920թթ.) գրքերի թվային պատճենների փոխանակում, որոնք առկա չեն Հայաստանի գրադարաններում, աշխատակիցների փոխայցեր, փորձի և գիտելիքների փոխանակում հետևյալ բնագավառներում` գրադարանային հավաքածուների պահպանում և վերականգնում, թվային գրադարաններ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---