17 հունվարի 2006 - 18:34 AMT
Դ.Իգնատեւ. Հայաստան առաքվող ռուսական գազի սակագինը կարող էր ավելի մատչելի լինել
Հունվարի 16-ին ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստան մատակարարվող գազի գինը կարող էր ավելի ցածր լինել, եթե ընդունվեին ռուսաստանյան կողմի առաջարկները: «Գազպրոմ»-ի մամլո ծառայության արտասահմանյան լրատվամիջոցների հետ կապերի վարչության պետ Դենիս Իգնատեւը հայտարարել է, որ թեեւ «գազի սակագինը Հայաստանի համար շուկայական գին է», եւ այս դեպքում իրենք չեն ելել քաղաքական նկատառումներից, այդուհանդերձ, սակագինը ապրիլի 1-ից Հայաստանի համար կարող էր լինել ոչ թե 110 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, այլ «ավելի մատչելի» գին` եթե Հայաստանը ընդուներ ռուսաստանյան կողմի առաջարկները: Խոսքն, ըստ Իգնատեւի, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի (որը Ռուսաստանն առաջարկում է գնել), իրանական գազի (Ռուսաստանը ցանկանում է մասնակցել Իրան - Հայաստան գազատար խողովակաշարի շինարարությանը) մասին է, ինչպես նաեւ ռուսաստանյան վարկից հրաժարվելու մասին: Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ասել էր, որ ապրիլի 1-ից ուժի մեջ մտնելիք սակագինը (110 դոլար) դեռեւս վերջնական չէ, քանի դեռ հունվարի վերջին չեն հանդիպել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները: Վարչապետը նաեւ վստահեցրել էր, որ սակագնի բարձրացումն ամբողջովին սովորական սպառողի հաշվին չի լինելու: Ինչ վերաբերում է Ռուսաստանի առաջարկած վարկին, Անդրանիկ Մարգարյանն ասել էր. «Մենք Ռուսաստանից վարկ չենք վերցնի: Մենք այդ ցանկությունը չունենք: Եթե ուզենք, կարող ենք շատ ավելի արտոնյալ պայմաններով արեւմուտքից կամ համաշխարհային կազմակերպություններից ստանալ այդ վարկը», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: