18 հունվարի 2006 - 14:06 AMT
Ադրբեջանի դիրքերը ղարաբաղյան հարցում աստիճանաբար թուլանում են, գտնում են Բաքվում
Ադրբեջանի քաղաքական կուսակցությունները դրական են արձագանքել Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) կոչին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների վերաբերյալ: Այդ կուսակցությունների ղեկավարները հայտարարել են, թե իրենք հավանություն են տալիս այդ ուղղությամբ բոլոր այն նախաձեռնություններին, որոնք բխում են Ադրբեջանի շահերից: Այդ մասին հայտարարել է ՂԱԿ-ի նախագահ Ակիֆ Նաղին: Հիշեցնենք, որ ՂԱԿ-ի այդ կոչում նախաձեռնվում է հանդիպումների անցկացում կուսակցությունների նախագահների հետ` քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերը: Պատճառը Ղարաբաղը կորցնելու վտանգն է: Ա.Նաղին ասել է, որ նախապես մշակված պլանի համաձայն տեղի կունենա ղարաբաղյան խնդրի քննարկման կլոր սեղան, որին ակնկալվում է երկրի առաջատար կուսակցությունների մասնակցությունը: Նրա խոսքերով, ՂԱԿ-ը դրական պատասխան է ստացել, այդ պատճառով քննարկումներին կմասնակցեն բազմաթիվ կուսակցությունների ներկայացուցիչներ:

ՂԱԿ-ի նախագահը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը համազգային խնդիր է: Հաշվի առնելով դա, քննարկումներին պետք է ակտիվորեն մասնակցեն ինչպես կառավարական, այնպես էլ ընդդդիմադիր կուսակցությունները: Նրանք պետք է համատեղ պայքարեն հակամարտությունը միջազգային իրավական նորմերի շրջանակներում կարգավորելու համար: Ա.Նաղին նշել է նաեւ, որ այժմ այդ հարցի շուրջ իրավիճակը չի բխում Ադրբեջանի շահերից: ՂԱԿ-ը կարեւորում է լուրջ միջոցների ձեռնարկումը իրավիճակը շտկելու համար: Ըստ ՂԱԿ-ի նախագահի, վերջերս տարբեր հայտարարություններ են արվում տարբեր մակարդակներով Ղարաբաղի անվտանգ ճակատագիրն ապահովելու ծրագրերի վերաբերյալ: Նրա կարծիքով, տարբեր նպատակներով մամուլ թափանցող տեղեկությունները, մատնանշում են, որ լուրջ վտանգ կա: Ա.Նաղին նշել է, որ Ադրբեջանի դիրքերն աստիճանաբար թուլանում են: Իրավիճակն արդեն հասել է կրիտիկական մակարդակի: Իրադրությունը փոխելու համար անհրաժեշտ են լուրջ միջոցառումներ: Ըստ ՂԱԿ-ի նախագահի, կառավարությունը պետք է տեղեկացնի հանրությանը առաջարկների էության մասին: Հակառակ դեպքում, իրավիճակն ավելի կբարդանա: Ա.Նաղին նաեւ ասել է, որ «Հայաստանը պետք է դատարանի առջեւ կանգնի ադրբեջանական տարածքները գրավելու համար: Միայն դրանից հետո կարելի կլինի շարունակել բանակցությունները»: Ըստ ՂԱԿ-ի նախագահի, հակառակ դեպքում, Ադրբեջանի կառավարությունը պետք է ուժով ազատագրի «գրավյալ» հողերը, «վերականգնելու համար երկրի տարածքային ամբողջականությունը»: Նա հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը «չի կարելի բավարար համարել, քանի որ մինչ այժմ ոչ մի միջազգային կազմակերպություն որեւէ կոնկերտ քայլ չի ձեռնարկել խնդրի լուծման ուղղությամբ»: Հակառակը, «այդ կազմակերպությունները անուղղակի կերպով աջակցել են Հայաստանին»: Նրանք փորձել են զիջումներ կորզել ոչ թե Հայաստանից, այլ Ադրբեջանից:

ՂԱԿ-ի նախագահը համարում է, որ կլոր սեղանի շուրջ կքննարկվեն մի քանի առաջարկներ: Դրանցից մեկը ստորագրահավաքն է: Նրա խոսքերով, իրենք աշխատանքային պլան են կազմել առաջիկայի համար: Այդ պլանի հիմքում են բանակցությունների անցկացումը տարբեր մակարդակներով, ինչպես նաեւ տարբեր միջոցառումների կազմակերպումը: «Մինսկի խմբի գործունեությունը պետք է դադարեցվի, քանի որ նրանք բանակցություններ են վարում, որոնց անարդյունավետությունը նախապես ակնհայտ էր: «Մենք չենք կարող աչք փակել դրա վրա: Մենք պատրաստ ենք անել հնարավորը եւ անհնարինը Ղարաբաղն ազատագրելու համար: Որովհետեւ, առանց Ղարաբաղի չկա նաեւ Ադրբեջան», հաղորդում է Բաքվի «525» թերթը: