Վարչապետը Գյումրիում մասնակցել է վերակառուցված վագոնային վերանորոգման ու լոկոմոտիվային դեպոների բացմանը

Վարչապետը Գյումրիում մասնակցել է վերակառուցված վագոնային վերանորոգման ու լոկոմոտիվային դեպոների բացմանը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հանրապետության տոնն անցկացրել է Շիրակի մարզում: Տիգրան Սարգսյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի մասնակցությամբ Գյումրիում բացվել են վերակառուցված վագոնային վերանորոգման և լոկոմոտիվային դեպոները:

Տիգրան Սարգսյանը նախ շնորհավորել է բոլորին հանրապետության տոնի կապակցությամբ և նշել, որ առաջին հանրապետության ստեղծումը մեծ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի համար, քանի որ այդպիսով սկիզբ է դրվել մեր նորագույն պատմությանը, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Անդրադառնալով Հայաստանի երկաթուղային համակարգի զարգացմանը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Յակունինին՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի կոնցեսիոն կառավարումն արդյունավետ իրականացնելու համար: «Տարեցտարի աճում են և բեռնափոխադրումների, և ուղևորափոխադրումների ծավալները: Մեծ աշխատանքներ են տարվում նաև երկաթուղային ճանապարհների վերանորոգման ուղղությամբ: Մեր աչքերի առջև աստիճանաբար զարգանում է Հայաստանի երկաթուղային համակարգը, ինչը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման ևս մեկ օրինակ է»,- նշել է կառավարության ղեկավարը:

Գյումրու լոկոմոտիվային դեպոյի վերակառուցման հիմնական աշխատանքները սկսվել են 2010 թվականից, որի համար ներդրվել է 93,5 մլն ռուբլի, ևս 48,4 մլն գումար ուղղվել է շարժակազմի նորոգմանն ու տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերմանը: Լոկոմոտիվային դեպոյի սարքավորումների պարկն էապես թարմացվել է, գնվել են 25 միավոր հիմնական և 6 միավոր ախտորոշման սարքավորումներ: Ներկայում ստեղծված են անիվային զույգերի, էլեկտրական շարժիչների վերանորոգման ու օդային պահեստավորման փորձարկման համար նախատեսված նոր տեղամասեր: Այս ամենը թույլ կտա բարձրացնել լոկոմոտիվային դեպոյում իրականացվող աշխատանքների որակը` այսպիսով բարձրացնելով Հայաստանում երկաթուղու անվտանգ երթևեկության մակարդակը:

Վագոնային վերանորոգման դեպոյի վերակառուցման համար ներդրվել է 35,1 մլն ռուբլի, գնվել են 20 մլն ռուբլու տեխնոլոգիական սարքավորումներ:

Այնուհետև, Տիգրան Սարգսյանն այցելել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի գլխավոր մասնաշենք` ծանոթացել վերջինիս հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վարչապետին վստահեցվել է, որ շինաշխատանքներն ընթանում են ըստ նախանշված ժամանակացույցի և բարձր որակով: Նախատեսվում է շինաշխատանքներն ավարտին հասցնել 2013 թվականի վերջին: Արդեն իսկ միջազգային տարբեր ընկերություններից տեխնոպարկում գործունեություն ծավալելու հայտեր են ստացվել:

Իր հերթին, միջազգային D-Link ընկերությունը տեխնոպարկին կից մտադիր է նոր կառույց հիմնել, որտեղ կտեղակայվեն ընկերության մասնաճյուղերը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---