Ատոմ Ջանջուղազյան. Այն միջոցները, որոնք չեն օգտագործվել, համալրում են բյուջեի ազատ մնացորդը

Ատոմ Ջանջուղազյան. Այն միջոցները, որոնք չեն օգտագործվել, համալրում են բյուջեի ազատ մնացորդը

PanARMENIAN.Net - 2012 թվականի պետբյուջեի հաշվետվության մեջ ներկայացված ծախսերի կատարողականը շատ տարբեր է: Այս մասին այսօր Ազգային ժողովում պետբյուջեի հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

«Նույնիսկ 100 տոկոսը գերազանցող կատարողականներ են եղել: Ունենք երկու փուլ ծախսեր՝ մի մասը ներքին աղբյուրների հաշվին, մի մասը՝ արտաքին ֆինանսավորման: Եթե առաջին դեպքում աղբյուրը պետբյուջեի ներքին աղբյուրներից ստացված եկամուտներն են, ապա երկրորդի դեպքում ծրագրերը իրականացվում են արտաքին աջակցության միջոցների հաշվին՝ դրամաշնորհների և վարկային միջոցների»,- նշեց ֆինանսների փոխնախարարը:

Նա նշեց, որ երկրորդ խմբի դեպքում, այն միջոցները որոնք չեն ստացվել կամ ստացվել են, բայց չեն օգտագործվել, ծրագրերի բովանդակային կատարման հետ են կապված: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ուր են գնում այդ չօգտագործված միջոցները, Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ այն միջոցները, որոնք չեն օգտագործվել, համալրում են բյուջեի մնացորդը: «Դրանք չեն անհետանում, տեղափոխվում են հաջորդ տարվա ազատ մնացորդ»,- պարզաբանեց ֆինանսների փոխնախարարը:

Նա նշեց, որ 2012-ին արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը կատարևվել են մոտ 60%-ով:

Ավելացնենք, որ 2012 թվականի ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 939.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 951.7 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.3%-ով և 97.1%-ով ապահովել են տարեկան ճշտված ծրագրի կատարումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---