ՏԻՄ ընտրությունների ժամանակ ԹԻՀԿ-ի դիտորդները 38 ընտրախախտում են գրանցել

ՏԻՄ ընտրությունների ժամանակ ԹԻՀԿ-ի դիտորդները 38 ընտրախախտում են գրանցել

PanARMENIAN.Net - Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը մի խումբ գործընկերների հետ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կազմում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտորդություն է իրականացրել հանրապետության 5 մարզերի համայնքների ընտրատարածքներում:

Դիտարկվել են համայնքների ղեկավարների ընտրությունները Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի ու Նոր Հաճն քաղաքի, Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի տեղամասերում, ինչպես նաև ավագանու անդամների ընտրություններ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ ու Սեմյոնովկա գյուղերի և Լոռու մարզի Լեջան գյուղի մի շարք տեղամասերում: Ընտրության օրը գրանցվել է 38 խախտում:

Ընտրական խախտումների և դիտորդական իրավունքների ոտնահարման մասին հավաքած ապացույցները հիմք են դարձել 25 դիմումների համար՝ ուղղված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին: Նշենք, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ստեղծվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունների կողմից, որին միացել են մի քանի տասնյակ սփյուռքահայեր և քաղաքացիական ակտիվիստներ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---