18 հունվարի 2006 - 18:34 AMT
Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում կքննարկի հայ-ռուսական համագործակցության բոլոր հարցերը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2006թ. հունվարի 22-ին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում կքննարկի հայ-ռուսական համագործակցության բոլոր հարցերը: Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ այցի ընթացքում նախատեսվում է կարծիքների փոխանակում հայ-ռուսական համագործակցության բոլոր հարցերի, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Մամլո ծառայությունը նշում է նաեւ, որ բանակցություններում կենտրոնական տեղ կզբաղեցնի երկկողմ հարաբերությունների քննարկումը` բարձր մակարդակի հայ-ռուսական հարաբերութւուններում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման շրջանակներում, նոր հնարավորությունների սահմանումը, համագործակցության խորացումը, մասնավորապես, վառելիքա-էներգետիկ եւ ներդրումային ոլորտներում: Կարեւորվում է տրանսպորտային խնդիրների լուծումը, այդ թվում` Վրաստանով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը, Կովկաս եւ Փոթի նավահանգիտսների միջեւ 2005 թ. բացված լաստանավային փոխադրումների արդյունավետ օգտագործումը: Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարում, կրթական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում երկու երկրների համագործակցության հարցերը: Հայաստանի նախագահի աշխատանքային այցը Մոսկվա տեղի կունենա հայ-ռուսական դաշնակցային երկխոսության շրջանակներում եւ առնչվում է Ռուսաստանում Հայաստանի տարվա բացմանը: