ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ. Հայաստանը մշտապես հանդես է գալիս հօգուտ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ. Հայաստանը մշտապես  հանդես է գալիս հօգուտ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման

PanARMENIAN.Net - Մայիսի 27-29-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց և ելույթ ունեցավ Վարշավայում տեղի ունեցած Տարածման անվտանգության նախաձեռնության (Proliferation Security Initiative) Բարձր մակարդակի քաղաքական հանդիպմանը` նվիրված նախաձեռնության տասնամյակին: Հանդիպումը կազմակերպվեց Լեհաստանի ԱԳ նախարարության կողմից` ոլորտը համակարգող ԱԳ փոխնախարարների և պաշտպանության փոխնախարարների մակարդակով:

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես հանդես է գալիս հօգուտ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման և ապօրինի փոխադրումների կանխարգելումն ապահովող առավել արդյունավետ և համակարգված ընթացակարգերի և գործիքների կիրառման: Ներկայացվեցին ԶՈԶ չտարածման և երկակի նշանակություն ունեցող բեռների ապօրինի փոխադրումը և տարանցումը կանխարգելող ՀՀ օրենսդրական փոփոխությունները, ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևի կատարման ընթացքը, տարբեր երկրների հետ այս բնագավառում համագործակցությունը:

Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ավարտին որոշվեց ավելի արդյունավետ դարձնել նախաձեռնության շրջանակներում տեղեկատվության փոխանակումը և մասնակից երկրների միջև համագործակցությունը: Հաջորդ բարձր մակարդակի քաղաքական հանդիպումն անցկացվելու է 2015թ. Վաշինգտոնում:

Նշենք, որ ԶՈԶ տարածման դեմ պայքարի անվտանգության նախաձեռնության ստեղծման մասին պաշտոնապես հայտարարվել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից 2003թ. մայիսի 31-ին Կրակովում (Լեհաստան) կայացած հանդիպման ժամանակ: Տարածման անվտանգության նախաձեռնությունը համաշխարհային նախաձեռնություն է, որի գլխավոր նպատակը` զանգվածային ոչնչացման զենքի, դրա փոխադրող միջոցների և բաղադրիչ տարրերի անօրինական փոխադրումների դեմ պայքարն է տարածման ոլորտում կասկածվող երկրների և ոչ պետական կազմավորումների միջև: Ներկայումս նախաձեռնությանը միացել է 102 պետություն: Հայաստանը նախաձեռնությանը միացել է 2006թ. մարտի 24-ին` հաստատելով արգելման սկզբունքների հայտարարությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---