18 հունվարի 2006 - 18:46 AMT
ՄՃԽ-ն կոնկրետ արդյունքներ է ակնկալում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից
Միջազգային ճգնաժամային խումբը կոնկրետ արդյունքներ է ակնկալում փետրվարին կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի փոխնախագահ Ալեն Դելեթրոզը: «Ես հուսով եմ, որ արդյունք կլինի, քանի որ երկու երկրների արտգործնախարարները շատ օգտակար բանակցություններ են վարել: Սակայն ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե «քիմիա» կառաջանա արդյոք նախագահների մարդկային հարաբերություններում: Մենք բոլորս նախ մարդիկ ենք, հետո միայն քաղաքական գործիչներ»,-նշել է նա: Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք այն փաստը, որ Հայաստանը Ռուսաստանի մերձավոր ռազմական դաշնակիցն է, բացասական դեր կատարել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, քանի որ Ադրբեջանում մտավախություն ունեն, թե Հայաստանի ռազմական հզորությունը հենվում է Մոսկվայի աջակցության վրա` Ա.Դելեթրոզը հայտարարել է, որ նման տրամադրություններն իրոք բավականին տարածված են Ադրբեջանում: «Այդ մասին մենք լսում էինք գրեթե ամեն քայլափոխին: Ես կարծում եմ, որ ռուսական ռազմակայանի տեղակայումը Հայաստանում կարող է օգտագործվել Մոսկվայի կողմից որպես լրացուցիչ գործոն, որ կխթանի կողմերին փոխզիջում որոնել»,-ամփոփել է նա, հաղորդում է «Վրեմյա նովոստեյ»-ը: