30 մայիսի 2013 - 15:29 AMT
Հայ ֆերմերը Եվրոպական դատարանի միջոցով կպահանջի «ՀայՌուսգազրադից» փոխահտուցել իր կրած վնասը

Ֆերմեր Սամվել Հարությունյանը Գյառգյառ գյուղից մտադիր է դիմել Եվրոպական դատարան պաշտպանելու համար սեփական շահերն ու «ՀայՌուսգազարդից» հատուցում պահանջելու մտադրությամբ: Այդ մասին մայիսի 30-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է նրա փաստաբան Նազենի Վարդենյանը:

Բանն այն է, որ նա զրկվել է իր ջերմոցային տնտեսությունը շահագործելու հնարավորությունից, որը 44 մլն դրամի բերք էր տալիս: 80 տոննա լոլիկն ու վարունգը ոչնչացվեցին մեկ պատճառով՝ մենաշնորհատեր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն անհիմն կերպով անջատել էր գազի մատակարարումը 2008թ. նոյեմբերի 1-11, երբ 4 աստիճան ցուրտ էր: Զավեշտալին այն է, որ պատասխանող կողմը հայցվորից պահանջել է 4,4 մլն դրամ վճարել պարտքի դիմաց և գրավ դնել գույքը: Սակայն գյուղացին չէր կատարել այդ պահանջը, իսկ ընկերությունը վերսկսել էր գազի մատակարարումը նոյեմբերի 11-ից հետո: Նույն իրավիճակը կրկնվել է 2009 թվականին:

Այս տարիների ընթացքում գյուղացին դատավարության մեջ է «ՀայՌուսգազրադի» հետ, որը պետք է հատուցի նրան շուրջ 90 մլն դրամ, առանց որևէ պատճառի նրա բերքը երկու անգամ ոչնչացնելու համար:

Սամվել Հարությունյանին հաջողվել է շահել դատը առաջին ատյանի դատարանում, սակայն «ՀայՌուսգազարդը» բողոքարկել է որոշումը: Քանի որ «որոշակի ճնշում էր գործադրվել», ապա Վերաքննիչ դատարանը նույնիսկ նոր փորձաքննություն չի նշանակել և գործը լուծվել է հոգուտ ՓԲԸ-ի: