19 հունվարի 2006 - 17:28 AMT
Աճել է միջազգային աջակցությունը ԱՀ դիրքորոշմանը ղարաբաղյան հարցում, համոզված են Բաքվում
«2005 թվականին հստակեցվեց, որ Ադրբեջանը վայելում է միջազգային հանրության աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: «Այդպիսով, կարելի է ասել, որ բացահայտորեն ակնհայտ է հայկական կողմի մեկուսացման գործընթացը: Ընդհանուր առմամբ, նման գործընթաց եղել է կարգավորման բոլոր փուլերում, բոլոր ուղղություններով: Հատուկ ցանկանում են նշել, որ 2005 թվականին մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունը, Տնտեսական համագործակցության կազմակերպությունը լիովին եւ միանշանակ հավանություն տվեցին Ադրբեջանի դիրքորոշմանը: Իսկ Եվրոպայի Խորհրդի բանաձեւում Լեռնային Ղարաբաղի ռեժիմը բնութագրվում է որպես անջատողական, ճանաչվում է Հայաստանի Զինված ուժերի կողմից Ադրբեջանի տարածքների գրավման եւ գրավյալ տարածքներում էթնիկ զտումների անցկացման փաստը: Սա հարկ է դիտարկել որպես շոշափելի ձեռքբերում, որն այսօր շարունակվում է եւ դրական միտումներ ունի: Եվ այդ ազդեցիկ միջազգային կազմակերպությունները այս հարցերի շուրջ իրենց որոշումներում շարունակում են աջակցել Ադրբեջանին»,-հայտարարել է նա: Ըստ Ն.Մամեդովի, անցյալ տարի ղարաբաղյան հակամրտության շուրջ իրադրության մասին հարցը քննարկվեց Միացյալ Ազգերի կազմակերպությունում: Թեեւ այդ քննարկման արդյունքները մինչ օրս բաց են, «ղարաբաղյան խնդրի քննարկումն ինքնին շատ կարեւոր է միջազգային կարծիքի ձեւավորման տեսակետից»: Որպես արդյունք, «ԵԱՀԿ, Եվրամիության եւ բազմաթիվ երկրների դիրքորոշումներում նկատելի են դարձել Ադրբեջանին աջակցելու միտումները»: «ԵՎ վերջին ամիսներին մենք տեսնում ենք, որ տարբեր երկրների ղեկավարներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ առանձնակի ուշադրություն են դարձնում այս հակամարտության կարգավորման հարցին: Նախորդ տարիների համեմատ տեսանելի է, որ գործընթացն իրոք աշխուժացել է, եւ դա Ադրբեջանի ղեկավարության կանոնանվոր ջանքերի տրամաբանական արդյունքն է»,-ավելացրել է նա:

«Այստեղ պետք է նշեմ, որ ընդհանուր առմամբ այս հակամարտությունը կարգավորելու համար անհրաժեշտ է առնվազն երեք առանցքային գործոնների առկայություն: Առաջինը, հակամարտությունը կարգավորելու Ադրբեջանի քաղաքական կամքը: Այս գործոնը միշտ է եղել, իսկ վերջին տարիներին առավել ամրապնդվել է: Երկրորդը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հանդեպ միջազգային հանրության, հասարակայնության հետաքրքրությունը պահանջի վերածվելու գործընթացը: Այժմ միջազգային հանրությունը գտնվում է այդ երկու հասկացողությունների միջեւ: Միջազգային հանրության հետաքրքրությունը չափազանց մեծ է եւ նա, մի կողմից, աստիճանաբար ընդունում է Հայաստանի ղեկավարության հանդեպ ճնշման ձեւ, իսկ մյուս կողմից` պահանջ է դառնում: Երրորդը, եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը հրաժարվի նախկին նկրտումներից, առավել իրատեսորեն գնահատի աշխարհում եւ տարածաշրջանում ընթացող գործընթացները, եւ ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրի: Այդ երեք գործոնները շատ կարեւոր են: Առաջին գործոնը եղել է եւ կա դրական առումով: Երկրորդը այժմ ձեւավորվում է ի օգուտ Ադրբեջանի: Կարծում եմ, որ երրորդն էլ առաջին երկուսի ազդեցության տակ վաղ թե ուշ կձեւավորվի»,-հայտարարել է Նովրուզ Մամեդովը:

«Տարբեր առաքելությունների ժամանումն Ադրբեջան, նախագահների եւ արտգործնախարարների հանդիպումների կազմակերպումը, Մինսկի խմբի համանախագահների այցելությունը տարածաշրջան եւ մի շարք այլ իրադարձություններ արդեն ինտենսիֆիկացրել են այդ գործընթացը, եւ հենց այդ պատճառով ես կարծում եմ, որ բոլորը լիահույս են, որ 2006 թվականին հակամարտությունը հնարավոր կլինի կարգավորել»,-ավելացրել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: