Հեռուստամարաթոնի այս տարվա ծրագրում ընդգրկվել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու ասֆալտապատումը

Հեռուստամարաթոնի այս տարվա ծրագրում ընդգրկվել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու ասֆալտապատումը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 30-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ մասնակցել է«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:

Նախագահ Սահակյանի խոսքով` հանդիպումների այս ձևաչափը վաղուց արդեն դարձել է համահայկական կարևորագույն ծրագրերի քննարկման և առաջնահերթությունների նախանշման հարթակ: Բակո Սահկյանը նշել է, որ այսօր մեր առջև ծառացած են որակապես նոր խնդիրներ, որոնց պետք է լուծում տրվի՝ իրականացնելով ռազմավարական նոր ծրագրեր: Նման նախագծերի շարքում երկրի ղեկավարը կարևորել է Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, որը հյուսիսային ուղղությամբ Արցախը Հայաստանին կապող հիմնական օղակն է, և որի դերակատարությունը դժվար է գերագնահատել հայկական երկու հանրապետությունների կյանքում:

Ըստ Նախագահ Սահակյանի` մայրուղու շահագործումը միանգամից կլուծի սոցիալ-տնտեսական և ռազմավարական բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես, կնպաստի ԼՂՀ Մարտակերտի և Շահումյանի շրջանների առաջընթացի ապահովմանը, ժողովրդագրական վիճակի բարելավմանը և լուրջ խթան կհանդիսանա ամբողջ Արցախի զարգացման ու զորացման համար:

Հաշվի առնելով այս ամենը` Արցախի Հանրապետության նախագահն առաջարկել է ծրագրում ընդգրկել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքները: Առաջարկն ընդունվել է և մտցվել 2013թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ:

Նույն օրը հայկական երկու հանրապետությունների առաջնորդները մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երրորդ նիստին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---