19 հունվարի 2006 - 18:07 AMT
2005 թվականին ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայտնվեցին
հուսադրող պահեր
2005 թվականին ղարաբաղյան կարգավորման գործընթացում հուսադրող պահեր հայտնվեցին, կապված այն բանի հետ, որ կողմերը, միջազգային միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) հովանու ներքո Վարշավայում մայիսի 15-ին եւ Կազանում օգոստոսի 27-ին կայացած բարձր մակարդակի երկկողմ հանդիպումների ժամանակ, կարողացան հասնել փոխըմբռնման առանցքային սկզբունքների համաձայնեցման շուրջ, որոնք կարող են հիմք ծառայել հակամարտության կարգավորման վերաբերյալ պայմանագրի համար: Այդպես մեկնաբանեց Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, դրան նպաստեց նաեւ այն մշտական ուշադրությունը ղարաբաղյան կարգավորման հարցերի հանդեպ, այդ թվում ամենաբարձր մակարդակով, Մինսկի խմբի համանախագահող երկրների, մասնավորապես Ռուսաստանի կողմից` Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության հետ շփումների ժամանակ:

«Ինչպես գիտեք, արդեն մի քանի օրից կկայանա Վ.Պուտինի հանդիպումը նախագահ Ռ.Քոչարյանի հետ, Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման կապակցությամբ, իսկ փետրվարին նախատեսվում է մեր նախագահի այցն Ադրբեջան: Այդ շփումների ընթացքում ռուսական կողմից, անկասկած, կրկին կհնչի նոր տարում բանակցային գործընթացում բեկում մտցնելու իրական շանսը ձեռքից բաց չթողնելու խորհուրդը` ավարտին հասցնելով ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցումը», հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Ըստ Լավրովի, Մինսկի խմբի համանախագահները արդեն առաջարկել են այդ առիթով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հերթական հանդիպումը անցկացնել ընթացիկ տարվա փետրվարին, չսպասելով, ինչպես սովորաբար դա արվում է, հարմար առիթի որեւէ միջազգային գագաթնաժողովի տեսքով: «Երկու նախագահները սկզբունքային համաձայնություն են տվել այդ առաջարկի վերաբերյալ»,-ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: