19 հունվարի 2006 - 18:20 AMT
Չ.Ուոլդ. ԱՄՆ-ն ակտիվացնում է ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ջանքերը
Հայաստանը «չի հրաժարվում զավթողական նկրտումներից, վարելով ապակառուցողական քաղաքականություն»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Սաֆար Աբիեւը հունվարի 19-ին ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գլխավոր շտաբի հրամանատարի տեղակալ, գեներալ Չարլզ Ուոլդի հետ հանդիպման ժամանակ: Ադրբեջանցի նախարարը նշել է, որ Ադրբեջանի ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ շարունակվում է ինչպես երկկողմ կարգով, այնպես էլ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներոմ: Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ եւ այլն: Ս.Աբիեւն ընդգծել է, որ «հակամարտության չկարգավորված լինելը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ոչ լիարժեք վերականգնման հիմնական պատճառն է»: «Ադրբեջանը հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու կողմնակից է: Հայաստանը չի հրաժարվում զավթողական նկրտումներից, վարելով ապակառուցողական քաղաքականություն, եւ ապօրինի ուղիներով ստացված սպառազինությունը եւ զենքը տեղակայում է ադրբեջանական գրավյալ տարածքներում: Հայաստանը պետք է պահպանի միջազգային իրավունքի նորմերը եւ ազատի գրավյալ տարածքները առանց նախապայմանների: Համաշխարհային հանրությունը պետք է պարտադրի Հայաստանին կատարել այդ քայլը: Հակառակ դեպքում, դա կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը»,-հավաստիացրել է ԱՀ պաշտպանության նախարարը: Իր հերթին, Չ.Ուոլդը նշեց, որ հակամարտության լուծման դիվանագիտական ուղին նպաստավոր կլինի երկու պետությունների համար, եւ ԱՄՆ-ն կավելացնի իր ջանքերն, ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: