19 հունվարի 2006 - 19:58 AMT
«Փյունիկը» փորձել է պաշտպանել ֆուտբոլիստներին եւ երկրպագուներին անկանխատեսելի միջադեպերից
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել հրաժարվել «Համագործակցության գավաթի» կիսաեզրափակիչ խաղից Բաքվի «Նեֆչիի» հետ` խուսափելու համար քաղաքական եւ այլ ենթատեքստերից»,-հայտարարել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Կարեն Հարությունյանը այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, որոշումը կայացվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռեւս անցյալ տարի, չնայած «Համագործակցության գավաթի» կազմակերպիչների բանավոր երաշխիքներին, Փյունիկ-Նեֆչի հանդիպումն անցավ անցանկալի միջադեպերով, որոնք կարող էին անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ մարզադաշտ եկած երկրպագուների համար: Կ.Հարությունայնը հաղորդեց, որ Շախտյոր-Փյունիկ առաջին խաղակեսից հետո, երբ արդեն պարզ դարձավ, որ կիսաեզրափակիչում կրկին հանդիպելու են Փյունիկն ու Նեֆչին, ակումբի ղեկավարությունը դիմեց «Համագործակցության գավաթի» կազմակերպիչներին` պահանջելով փոխել կիսաեզրափակիչի ձեւաչափը կամ տրամադրել անվտանգության գրավոր երաշխիքներ: «Պատճառը ակնհայտ էր, քանի որ դեռեւս Փյունիկ-Շախտյոր խաղի ժամանակ ներկա էին մեծաթիվ ադրբեջանցի երկրպագուներ, եւ արդեն այն ժամանակ հայտարարություններ էին հնչում մահու եւ կենաց պայքարի, հաշվեհարդարի մասին»,-հայտարարել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահը:

Ըստ Կ.Հարությունյանի, հայտնի է դարձել, որ Ռուսաստանի ադրբեջանական եւ հայ համայնքները պատրաստվում են կրկնել «Օլիմպիյսկի» մարզադաշտում անցյալ տարվա գործողությունները: «Չստանալով համապատասխան գրավոր երաշխիքներ, Փյունիկ թիմի ղեկավարությունը որոշեց չմասնակցել խաղին, պաշտպանելու համար ֆուտբոլիստներին եւ երկրպագուներին անկանխատեսելի միջադեպերից»,-հայտարարեց Կ.Հարությունյանը: Բացի այդ, նա նշեց, որ մրցաշարն այս տարի վատ էր կազմակերպված, թիմերը հյուրընկալվել էին վատ հյուրանոցում, սնունդը ահավոր էր, եւ ակումբի ղեկավարությունը եւ ֆուտբոլիստները սնվում էին իրենց հաշվին: «Մենք գտնում ենք, որ ակումբի ղեկավարության որոշումն ըմբռնումով կընդունվի երկրպագուների, «Համագործակցության գավաթի» կազմակերպիչների, մրցաշարի մասնակից երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների եւ կազմակերպիչների, ինչպես նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից»,-հայտարարել է «Փյունիկ» ՖԱ փոխնախագահը:

Մինչդեռ, նշենք, որ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը իր «տարակուսանքն ու ափսոսանք է հայտնել» «Փյունիկ» (Երեւան) ՖԱ ղեկավարության «Համագործակցության գավաթի» ադրբեջանական «Նեֆչի» թիմի հետ կիսաեզրափակիչ խաղին եւ ընդահնուր առմամբ մրցաշարին մասնակցելուց հրաժաշվելու որոշման կապակցությամբ: Ինչպես ասվում է ՌՖՄ հայտարարության մեջ, «նման արարքները հարիր չեն ֆուտբոլին, որը կոչված է միավորել, ոչ թե բաժանել մարզիկներին, երկրպագուներին, երկրներին եւ ժողովրդներին»: «Տեղյակ լինելով բարդ եւ չլուծված խնդիրների մասին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ՌՖՄ եւ ՖԻՖԱ-ի հովանու ներքո «Համագործակցության գավաթի» կազկոմիտեն գրավոր երաշխիքներ են տրամադրել հայկական ակումբի ղեկավարությանը մարզիկների, պատվիրակության անդամների եւ երկու թիմերի երկրպագուների անվտանգության ապահովման վերաբերյալ: Ավելին, «համագործակցության գավաթի» կազմակերպիչները պատրաստ էին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, թույլ չտալու համար բախումներ տրիբունաներում եւ ֆուտբոլի դաշտում»,-ասվում է հայտարարության մեջ:

Սակայն այն փաստը, որ չնայած ՌՖՄ հավաստիացումներին գրավոր երաշխիքների տալու վերաբերյալ, հայ ֆուտբոլիստներն այնուամենայնիվ հրաժարվեցին խաղից, վկայում են այն մասին, որ կազմակերպիչների երաշխիքներն այդպես էլ մնացին թղթի վրա:

Սակայն, փորձելով ապացուցել իրենց իրավացիությունը, մրցաշարի կազմակերպիչները տեխնիկական պարտություն են գրանցել «Փյունիկին» 3:0 հաշվով Բաքվի «Նեֆչիի» օգտին` համարելով հայական թիմի որոշումը «անհարգելի պատճառ»: Ավելին, ՌՖՄ-ն հայտարարել է, որ «Փյունիկի» դեմարշը կասկածի տակ է դնում այդ թիմի հետագա մասնակցության նպատակահարմարությունը «Համագործակցության գավաթի» հետագա մրցաշարերին»: