20 հունվարի 2006 - 13:08 AMT
Քոչարյան-Ալիեւ հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայում
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը տեղի կունենա ընթացիկ տարվա փետրվարին Ֆրանսիայում: Այդ մասին նախօրեին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Լոնդոնում կայացած երկօրյա բանակցությունների արդյունքները: Ինչպես նշել է Վարդան Օսկանյանը, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն արդեն առաջարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին հանդիպել իր երկրի տարածքում: Հանդիպման ստույգ օրը դեռեւս որոշված չէ:
Մինչդեռ ռուսական «Վրեմյա նովոստեյ» պարբերականը գրում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի 10-ին Փարիզում: Հոդվածում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ երկօրյա լոնդոնյան հանդիպման արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանն ու Էլմար Մամեդյարովը որոշել են նախագահների հանդիպման վայրն ու ժամկետը: Այդ պարբերականը, հղում անելով լավատեղյակ աղբյուրներին, նշում է, որ «հանդիպման գլխավոր արդյունքն եղավ այն, որ հաստատվեց, որ երկու երկրների նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը կհանդիպեն փետրվարի 10-ին Փարիզում: «Լոնդոնում անցած բանակցությունները հաստատեցին այն կանխատեսումները, թե նախարարների մակարդակով պետք չէ սենսացիա ակնկալել ղարաբաղյան կարգավորման հարցում, պահպանելով երկխոսության մեջ բեկում մտցնելու «հնարավորության պատուհանը» նախագահների մակարդակով»,-գրում է թերթը: