20 հունվարի 2006 - 13:32 AMT
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը դրական է գնահատել Լոնդոնում անցած բանակցությունները
«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման ստույգ օրը եւ վայրը կհրապարակվի մոտ օրերս»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` տեղեկացնելով, որ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն անձամբ հրավիրել է երկու երկրների նախագահներին: Նա նաեւ հաղորդել է, որ Քոչարյան-Ալիեւ հանդիպումը տեղի կունենա առաջիկա 10-ը օրերի ընթացքում: Ֆրանսիական կողմը մոտ օրերս կհայտարարի բանակցությունների անցկացման կոնկրետ վայրը եւ օրը»,-հավելել է Վ.Օսկանյանը:

Մեկնաբանելով Լոնդոնում կայացած բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ` Հայաստանի արտգործնախարարը դրական է գնահատել իր երկօրյա հանդիպումները ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ, այնուամենայնիվ նշելով, որ «բարդությունն արդեն իրեն զգացնել է տալիս»: Նրա խոսքերով, կողմերը Լոնդոնում որեւէ կոնկրետ փաստաթուղթ չեն քննարկել, քննարկվել է «կեսէջանոց աշխատանքային փաստաթուղթ, որը կարելի է բնութագրել, որպես բանակցություններ վարելու կանոնների ձեռնարկ»: «Այդ փաստաթղթում նկարագրված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքները»,-նշել է Վարդան Օսկանյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: