31 մայիսի 2013 - 15:26 AMT
Նախատեսվում է բարձրացնել մարզխորհրդի գործունեության արդյունավետությունը

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեց ՀՀ նախագահի 1997 թ. մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրում առաջարկվող փոփոխությունների նախագիծը: Նշվեց, որ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է մարզերում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացմամբ և բխում է 2013թ. կառավարության գործունեությունն ապահովող ՏԿՆ միջոցառումների ծրագրից: Նախագծով նախատեսվում է բարձրացնել մարզխորհրդի գործունեության արդյունավետությունը, ընդլայնել քննարկմանը ներկայացվող հարցերի շրջանակն ու կանոնակարգել նիստերի անցկացման հաճախականությունը, ինչպես նաև դրանք առավել հրապարակային ու մասնակցային դարձնել:

Նիստը վարող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հեղինակներին առաջարկեց լրամշակել փաստաղթուղթը` հաշվի առնելով տարածքային կառավարման հիմքում ընկած մոտեցումները, առավել գործուն մեխանիզմներ ստեղծել մարզխորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման համար, ինչպես նաև ընդլայնել գործառույթների շրջանակը:

Կոլեգիային ներկայացվեցին նաև ՀՀ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները` 2013թ. մայիսի 1-ի դրությամբ: Նշվեց, որ համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 95, 4 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 14 տոկոս է: Աճ է արձանագրվել նաև հողի հարկի և գույքահարկի մասով. հողի հարկի կատարողականը կազմել է 77,5 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 28 տոկոսով, գույքահարկի կատարողականը 99,7 տոկոս է, աճը կազմել է 11,3 տոկոս: Գույքի վարձակալությունից ստացված եկամուտների կատարողականը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թեև աճել է 5,5 տոկոսով` կազմելով 83,2 տոկոս, այդուհանդերձ, որոշ մարզերում ցուցանիշի նվազում է գրանցվել: Փոխվարչապետը ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանին հանձնարարեց համապատասխան ուսումնասիրություն իրականացնել` պատճառները բացահայտելու համար:

Անդրադարձ եղավ նաև Սևան և Մեղրի քաղաքներում աշխատավարձերի գծով կուտակած պարտքերի հարցին: Փոխվարչապետը ՏԿ նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանին հանձնարարեց հարցը քննարկել մարզպետների և քաղաքապետերի հետ և առաջարկել միջոցներ ձեռնարկել պարտքերը մարելու ուղղությամբ: Նա անթույլատրելի համարեց համայնքներում ընթացիկ պարտքերի կուտակումը` հաշվի առնելով, որ նախորդ տարիներին կուտակված 2,3 մլրդ դրամ պարտքը վերջին տարիների ընթացքում գրեթե ամբողջությամբ մարվել է:

Քննարկվեցին նաև Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած համայնքների բնակիչներին հողի հարկի և ջրի վարձավճարի փոխհատուցման գործընթացի հետ կապված հարցեր: Ա. Գևորգյանը հանձնարարեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետին աշխատել համայնքների ներկայացուցիչների հետ և սեղմ ժամկետներում ներկայացանել համապատասխան շահառուների ցուցակը` աշխատանքները ժամանակին իրականացնելու համար:

ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կոլեգիայի անդամներին տեղեկություններ ներկայացրեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում նախատեսվող` տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված երեք խոշոր միջոցառումների մասին: Նա առանձնահատուկ կարևորեց հունիսի 19-ին Երևանում անցկացվելիք «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովը, որին հունիսի 18-ին նախորդելու է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը: Հայաստանը վավերացրել է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի լրացուցիչ` տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության իրավունք սահմանող Ուտրեխտի արձանագրությունը և համաժողովին հանդես կգա որպես այդ սկզբունքը կարևորող երկիր:

Երրորդ միջոցառումը նախատեսվում է աշնանը. Երևանում կկայանա ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպումը:

Վ. Տերտերյանն անդրադարձավ նաև այս տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական երկրորդ համաժողովին` նշելով, որ այն ամփոփելու է Հայաստանի և Ֆրանսիայի միջև այս մակարդակում առկա համագործակցությունը և քննարկելու է փոխգործակցության խորացման հնարավորությունները: Համաժողովի հիմնական թեմաները վերաբերելու են գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացման հեռանկարներին: Ներկայումս համագործակցություն է ձևավորված Հայաստանի և Ֆրանսիայի 24 համայնքների և 5 մարզերի ու ռեգիոնների միջև: Հայ-ֆրանսիական առաջին համաժողովն անցկացվել է 2010թ-ին` Երևանում, հայտնում է նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժինը: