
Հոկտեմբերին Երևանում կայանալիք Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) գիտաժողովին կմասնակցի 145 գիտնական 32 երկրներից, ինչը ռեկորդային ցուցանիշ է Հայաստանում անցկացված գիտական միջոցառումների ողջ պատմության մեջ: Նման քանակի երկրներ ներկայացված են եղել նաև 2007թ. կայացած Եվրոպական աստղագիտական համագումարում: Գիտաժողովը, որը կկայանա 2013թ. հոկտեմբերի 7-11-ին, նվիրված է հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին և անցկացվում է «Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ և ուսումնասիրություններ» թեմայով:
Հայկական աստղագիտական ընկերությունից հայտնում են, որ մասնակիցների թվում են անվանի աստղագետներ` միջազգային կազմակերպությունների և գիտական ծրագրերի ղեկավարներ, աստղադիտարանների և աստղագիտական ինստիտուտների տնօրեններ, ինչպես նաև բազմաթիվ երիտասարդ աստղագետներ: Կներկայացվեն շուրջ 60 բանավոր զեկուցումներ և շուրջ 100 պոստերներ:
Գիտաժողովի կազմակերպչական աշխատանքներում կներգրավվի ուսանողների խումբ ԵՊՀ Ֆիզիկայի, Միջազգային հարաբերությունների, Ռոմանո-գերմանական բանասիրության և Լրագրության ֆակուլտետներից, ինչպես նաև Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանից և Տուրիզմի ինստիտուտից: