20 հունվարի 2006 - 17:05 AMT
Է.Մամեդյարով. Բանակցությունները Լոնդոնում դյուրին չէին
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները դյուրին չէին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` մեկնաբանելով հունվարի 20-ին Լոնդոնում կայացած երկօրյա խորհրդակցությունները իր հայ գործընկեր Վարդան Օսկանյանի հետ` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ: Ինչպես հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ տեղեկատվական վարչության պետ Թաիր Թաղիզադեն` վկայակոչելով Մամեդյարովին, «բանակցությունները բավականին բարդ բնույթ են կրել եւ ընդգրկել են հարցերի բավականին լայն շրջանակ: Սկզբունքորեն պահպանվում է բանակցային գործընթացի կենտրոնում գտնվող հարցերի քննարկման հնարավորությունը»: Նա նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա փետրվարի առաջին տասնօրյակում Ֆրանսիայում: «Այժմ ճշտվում են մանրամասները: Հանդիպման վայրի եւ օրվա մասին ավելի ստույգ տեղեկություններ ունենալուն պես, կհրապարակենք այդ տվյալները»,-ավելացրել է նա: Թ.Թաղիզադեն հայտարարել է, որ տեղեկություն չունի ռուսական «Վրեմյա նովոստեյ» թերթի այն հաղորդագրության մասին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 10-ին Փարիզում, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: