Բնապահպանության նախարարությունը և ՀԿ-ները քննարկել են ՀՀ օրենքում փոփոխությունների փաթեթը

Բնապահպանության նախարարությունը և ՀԿ-ները քննարկել են ՀՀ օրենքում փոփոխությունների փաթեթը

PanARMENIAN.Net - Բնապահպանության նախարարությունում այսօր անցկացվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Օրենքի նախագիծը մինչ այդ քննարկվել և ընդհանուր առմամբ հավանության էր արժանացել ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի միջգերատեսչական հանձնաժողովում:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նախագահությամբ կազմակերպված քննարկմանը մասնակցել են բնապահպանության ոլորտում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ:

Բնապահպանության նախարարը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը փորձաքննության է ենթարկվել տարբեր ձևաչափերով: Նա շեշտել է, որ մինչ այժմ ստացված բոլոր ողջամիտ առաջարկները ներառվել են օրենքի նախագծում և հանրային քննարկման արդյունքում ևս հնչած հիմնավոր առաջարկները հաշվի կառնվեն: «Մեր ցանկությունն է, որ Օրենքի փոփոխությունների փաթեթը լինի ամբողջական, բազմակողմանի քննարկված և բոլորի շահերը հաշվի առնող նախագիծ»,-նշել է Արամ Հարությունյանը:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Սիմոն Պապյանը, անդրադառնալով օրենքի նախագիծը նախապատրաստող աշխատանքային խմբին, նկատել է, որ խմբի 9 անդամներից 6-ը ներկայացնում են հասարակական կազմակերպությունները՝ ինչը փաստում է դրա մշակման գործընթացին հասարակության մասնակցության մասին: Օրենքի նախագիծը ներկայացրել են աշխատանքային խմբի անդամներ Ազգանուշ Դռնոյանը («Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ) և Արթուր Գրիգորյանը («Էկո դար» ՀԿ-ի իրավաբան): Ելույթներով հանդես են եկել Ինգա Զարաֆյանը («Էկոլուր» ՀԿ նախագահ), անկախ փորձագետ Սրբուհի Հարությունյանը և «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզան Ղազարյանը:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը քննարկման ավարտին հավաստիացրել է, որ բոլոր հիմնավոր առաջարկները կներառվեն օրենքի նախագծում և առաջարկել մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել բոլոր նոր առաջարկները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---