2014 թ. Հայաստանը կանդամակցի «Եվրոիմաժես» հիմնադրամին

2014 թ. Հայաստանը կանդամակցի «Եվրոիմաժես» հիմնադրամին

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատտաինի-Դրագոնիին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ՄՆ մամուլի ծառայությունից:

Նախարարը նշել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցության կարևորությունը և անդրադարձել՝ մայիս-նոյեմբեր ամիսներին Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանում իրականացվելիք մշակութային միջոցառումներին: Նախարարը նշել է, որ միջոցառումները մեկնարկել են մայիսի 16-ին Ստրասբուրգում՝ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նիստերի դահլիճի նախասրահում կայացած հայկական պատմամշակութային ժառանգությանը նվիրված «Հայաստան. քարերի գաղտնիքը» խորագրով ցուցահանդեսով:

Իրականացվելիք միջոցառումներից նախարարն առանձնակի կարևորել է Ստրասբուրգում Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրության կազմակերպումը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանում կայանալիք «Եվրոպական ժառանգության օրերի» ազգային համակարգողների տարեկան հավաքին, որին կմասնակցեն մշակութային ժառանգության ոլորտի պատասխանատուներ` Եվրոպայի խորհրդից և Եվրամիությունից, ինչպես նաև շուրջ 50 երկրի ազգային համակարգողներ:

Գաբրիելլա Բատտաինի-Դրագոնին հույս է հայտնել, որ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը կխթանի Հայաստանում մշակութային ժառանգության պահպանությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցը «Եվրոիմաժես» հիմնադրամին: Նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը 2014 թվականից կանդամակցի հիմնադրամին, ինչը էապես կնպաստի կինոարտարդրության ոլորտում հայազգի և եվրոպացի կինոգործիչների, կինոարտադրողների փորձի փոխանակմանը, համատեղ ֆիլմարտադրության իրականացմանը:

Քննարկում է կայացել նաև Եվրոպայի Խորհրդի կոնվեցիաների դրական ազդեցության վերաբերյալ. կողմերն առանձնացրել են Եվրոպայի ճարտարապետության ժառանգության պաշտպանության մասին Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան /ընդունվել է 1985 թ., Հայաստանում ուժի մեջ է մտել 2009 թ./ և Մշակութային ժառանգության կարևորությունը հասարակության համար Եվրոպայի Խորհրդի շրջանակային կոնվենցիան /ընդունվել է 2005 թ., Հայաստանում ուժի մեջ է մտել 2012 թ./:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---