21 հունվարի 2006 - 13:07 AMT
Այսօր Իրաք է մեկնել հայ խաղաղապահների երրորդ հերթափոխը
Հունվարի 21-ին տեղի ունեցավ հայ խաղաղապահների երրորդ հերթափոխին Իրաք ճանապարհելու հանդիսավոր արարողությունը: Հայ «երկնագույն բերետներին» այսօր ճանապարհում էր Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Աղաբեկյանը: Հանդես գալով հավաքվածների առջեւ, նա, մասնավորապես, համոզվածություն հայտնեց, որ հայ խաղաղապահները, «որոնք ներկայացնում են հայոց բանակը Իրաքում ծառայող բազմազգ դիվիզիայում, պատվով կկատարեն իրենց վրա դրված պարտավորությունները»: Լրագրողների հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարության փոխղեկավարը տեղեկացրեց, որ հայ խաղաղապահների երկրորդ հերթափոխը «վաղը կամ մյուս օրը կվերադառնա Քուվեյթ, իսկ այնտեղից` Երեւան»: Արթուր Աղաբեկյանը նշեց նաեւ, որ դիվիզիայում տեղի են ունեցել որոշ կառուցվածքային փոփոխություններ, կապված ուկրաինական զորակազմի դուրս բերման հետ, սակայն «խնդիրներն ու նպատակները անփոփոխ են մնում»: Հիշեցնենք, որ հայ խաղաղապահների ռոտացիան Իրաքում նախատեսվում էր հունվարի 18-ին, սակայն, հետաձգվեց տեխնիկական պատճառներով: Ներկայումս Իրաքում է գտնվում հայ խաղաղարարների երկրորդ խումբը: Խաղաղապահների առաջին խումբը Իրաք գործուղվեց 2005 թվականի հունվարին, երկրորդը` հուլիսին: Խմբի կազմում են 46 զինծառայողներ, որոնցից 30-ը վարորդներ են, 3-ը բժիշկներ, 10 սակրավորները, 1 կապի սպա, դասակի հրամանատարը եւ ընդհանուր հրամանատությունն իրականացնող սպան: Նարնք իրենց առաքելությունն են կատարում լեհական դիվիզիայի կազմում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: