Ռ.Քոչարյան.Հայերը Ռուսաստանում եւ ռուսները Հայաստանում չեն կարող օտար լինել

PanARMENIAN.Net - «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության տարին մեր պետությունների փոխգործակցության բարձր մակարդակի վկայությունն է: Դա նաեւ հնարավորություն է մեր երկու ժողովրդների հոգեւոր ընդհանրությունից բխող խորը փոխադարձ համակրանքը հայտնելու համար»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելույթ ունենալով Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման հանդիսավոր արարողությանը: «Անցյալ տարին հայտարարված էր Ռուսաստանի տարի Հայաստանում: Այն էապես ակտիվացրեց համագործակցությունը մեր երկրների միջեւ բոլոր մակարդակներով: Տեղի ունեցավ ակտիվ քաղաքական երկխոսություն, առաջընթաց գրանցվեց տնտեսության ոլորտում, աճեց ապրանքաշրջանառությունը: Նոր անմիջական կապեր հաստատվեցին մեր երկրների շրջանների եւ քաղաքների միջեւ, ինչը խթանեց նաեւ հորիզոնական կապերի զարգացումը»,-ավելացրեց Հայաստանի նախագահը: Նրա խոսքերով, ռուսական մշակույթի փառատոնը իսկապես մեծ տոն դարձավ Հայաստանի ժողովրդի համար: Լավագույն կոլեկտիվների հյուրախաղերը հիշարժան կլինեն հայ հանդիսատեսի համար: «Մենք երախտապարտ ենք ռուսական կողմից հետաքրքիր եւ հագեցած ծրագիր կազմակերպելու համար: Հայաստանն իր հերթին, այս տարի բոլոր ջանքերը կգործադրի այդ տեմպը պահպանելու համար: Նախատեսվում են տարբեր միջոցառումներ տնտեսական, հումանիտար եւ մշակութային ոլորտներում: Մենք հուսով ենք, որ այդ ամենը կհետաքրքրի ռուսաստանցիներին»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:



Նրա խոսքերով, Ռուսաստանն ու Հայաստանը կառուցում են իրենց հարաբերությունները ռազմավարական գործակցության եւ դաշնակցային հարաբերությունների ոգով: Դա պահանջում է վստահության, կանխատեսելիության եւ հուսալիության բարձր մակարդակ: «Մեր գործընկերությունը պետք է ղեկավարվի երկարաժամկետ գործակցության տրամաբանությամբ եւ ապահովագրված լինի ընթացիկ կոնյուկտուրայից: Շուրջ երկու դար մեր երկու ժողովրդների հարաբերությունները ձեւավորվել են միասնական պետության շրջանակներում: Դա, իհարկե, ենթադրում էր փոխներգրավվածության բարձր մակարդակ: Դրանով են ներծծված մեր գրականությունն ու արվեստը, ձեռքբերումները գիտության եւ տնտեսության մեջ: Դա նաեւ զինակիցների եղբայրություն է, կոփված բազմաթիվ պատերազմներում: Ակնհայտ է, որ ձեւավորվել է մշակութային հզոր շերտ, որից հնարավոր չէ առանձնացնել եւ կտրել միայն սեփականը: Վերջին 15 տարիների ընթացքում մեր հարաբերությունները կրում են միջպետական բնույթ: Պետք է ինքներս մեզ հարց տանք. արվո՞ւմ է բավարարը, զարգացնելու համար այն ներուժը, որ կուտակել են մեր նախնիների սերունդները, թե մենք ուղղակի օգտագործում ենք նրանց կուտակած փոխգործակցության կապիտալը: Չենք կորցնո՞ւմ արդյոք ինչ-որ շատ կարեւոր բան անխուսափելի գլոբալիզացիայից, մոդայիկ բազմակողմ ուղղվածությունից եւ շուկայի պրագմատիզմից: Ցանկալի կլիներ, որ Ռուսաստանում Հայաստանի տարին իրական քայլ դառնար, ուղղված մեր գործընկերության ամրապնդմանը»,-հայտարարել է Հայաստանի նախագահը: Նրա խոսքերով, հատկապես կարեւոր է օգտագործել այդ հնարավորությունը երիտասարդ հետխորհրդային սերնդի իրազեկության բարձրացման համար: Առանց փոխըմբռնման համագործակցությունը մեր երկու երկրների եւ ժողովրդների միջեւ շատ բան կկորցնի: Նրանք պետք է դառնան հայ-ռուսական կապերի դարավոր ավանդույթների կրողը.«Սա մեր ընդհանուր պատասխանատվության հարցն է»:



«Մեր հարաբերությունների զարգացման կարեւոր գործոն կարող է լինել սփյուռքը: Նրանց դրական ռեսուրսը հսկայական է եւ հարկավոր է դրա իրագործման արդյունավետ կիրառման որոնումը: Մենք պետք է բացառենք ազգային անհանդուրժողականության դրսեւորումները, որոնք բնորոշ չեն մեր ժողովրդներին: Հայերը Ռուսաստանում եւ ռուսները Հայաստանում չեն կարող օտար լինել: Այստեղ ապրում է մեծաթիվ հայկական համայնք, որն իր ավանդն է ներդնում Ռուսաստանի ներկայի եւ ապագայի կառուցմանը: Հայերը ներդաշնակորեն ինտեգրվել են ռուսական հասարակության մեջ, լավ են ներառվել ռուսական մշակութային ոլորտում, եւ դրանում ռուսական պետության մեծ ավանդը կա: Տիկնայք եւ պարոնայք, եզրափակելով ցանկանում են շնորհակալություն հայտնել այսօր այս դահլիճում նախատեսվող իրադարձության բոլոր կազմակերպիչներին, եւ շնորհավորել բոլորին Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման կապակցությամբ: Թույլ տվեք Հայաստանի բոլոր քաղաքացիների անունից ցանկանալ Ռուսաստանին եւ նրա ժողովրդին խաղաղություն, երջանկություն եւ բարգավաճում»,-ամփոփեց Ռոբերտ Քոչարյանը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---