24 հունվարի 2006 - 13:05 AMT
Ռուս խաղաղապահները կարող են մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
Ռուսաստանը պատրաստ է սպառազինություն եւ ռազմական տեխնիկա առաքել Հայաստան եւ Ադրբեջան, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը Բաքու կատարած այցի ժամանակ: Զինելով երկու կողմերին, Ռուսաստանը կարող է հաշվի առնել ոչ միայն ուժերի հաշվեկշիռը տարածաշրջանում, այլ նաեւ սեփական ազգային անվտանգության շահերը եւ կոմերցիոն շահը: Իվանովը հայտարարել է նաեւ, որ հնարավոր է ռուս խաղաղապահների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Առաջին հերթին, անհրաժեշտ է զբաղվել հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական կարգավորմամբ, որից հետո կարելի կլինի խոսել խաղաղարար գործողության մասին, այդ թվում Ռուսաստանի Զինված ուժերի հնարավոր մասնակցությամբ, սակայն առաջին հերթին պետք է կարգավորել հակամարտությունը»,-ընդգծել է նա: ՌԴ պաշտպանության նախարարն ասել է նաեւ, որ կոռեկտ չէ մեղադրել Ռուսաստանին Հայաստանին զինելու համար, հիմք ընդունելով այն, որ Վրաստանից տեխնիկան տեղափոխվում է Հայաստանի ռուսական ռազմակայաններ: «Սպառազինությունը եւ զինամթերքը մեկ ռազմակայանից տեղափոխվում են մեկ այլ ռուսական ռազմակայան, դրանք ինչպես պատկանում էին Ռուսաստանին, այնպես էլ մնում են Ռուսաստանի մոտ»,-ընդգծել է նա, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: