Սփյուռքահայ գրող Վահան Զանոյանը փոխվարչապետի հետ թրաֆիքինգի դեմ պայքարին առնչվող հարցեր է քննարկել

Սփյուռքահայ գրող Վահան Զանոյանը փոխվարչապետի հետ թրաֆիքինգի դեմ պայքարին առնչվող հարցեր է քննարկել

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց սփյուռքահայ գրող Վահան Զանոյանին, ով իր ստեղծագործություններում անդրադառնում է թրաֆիքինգի խնդրին: Նրա վերջին` «Հեռավոր մի տեղ» վեպի շնորհանդեսը տեղի էր ունեցել մայիսի 31-ին, Երևանում:

Փոխվարչապետը նշեց, որ ծանոթ է գրողի գործին և շնորհակալություն հայտնեց խնդիրը բարձրացնելու, հանրության ուշադրությունն այդ երևույթի և նրա զոհերի ճակատագրի վրա հրավիրելու համար: Նա նկատեց, որ գեղարվեստական ստեղծագործությունները հաճախ ավելի մեծ ազդեցություն են ունենում հանրության վրա և ավելի հասանելի են ներկայացնում խնդիրը, բացահայտում երևույթի հետ կապված վտանգները:

Ա. Գևորգյանն անդրադարձավ Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի կողմից վերջին տարիներին իրականացված և իրականացվելիք աշխատանքներին: Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մեծ նշանակություն են տալիս թրաֆիքինգի դեմ պայքարին, այդ ուղղությամբ տեսանելի արդյունքներ արձանագրվել են, սակայն քայլերը շարունակվում են: Այս տարի կառավարության կողմից հաստատվել է նաև «Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը», և այն իրականացնելու հարցում խորհուրդը համագործակցում է ինչպես միջազգային, այնպես էլ տեղական կազմակերպությունների հետ:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման, հանրությանն այդ երևույթի վտանգների մասին իրազեկելու, ինչպես նաև այլ հարցերի շուրջ, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---