24 հունվարի 2006 - 13:48 AMT
Հայաստանը գազ է ստանում Ադրբեջանից, հայտարարում են ԱՄՆ Պետդեպարտամենտում
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մակքորմաքը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դեր են խաղացել նրանում, որ Վրաստանը սկսել է գազ ստանալ Ադրբեջանից: «Մենք պահպանում էինք շփումը ներգրավված կողմերի հետ: Որքան գիտեմ, ներկայումս Վրաստանը գազ է ստանում է Ադրբեջանից եւ էլեկտրաէներգիա Թուրքիայից, եղել են նաեւ խափանումներ Հայաստանին գազի մատակարարման առումով, եւ ադրբեջանական գազը փոխադրվում է Հայաստան», - հայտարարել է նա: Մինչդեռ, նշենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը. Հայաստանը չի ստանում գազ Ադրբեջանից, որը մերժում է Երեւանի հետ ցանկացած տնտեսական համագործակցության հնարավաորությունը մինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Բացի այդ, Ադրբեջանը Վրաստանին մատակարարում է ոչ թե սեփական, այլ ռուսական գազը: Իսկ Հայաստանը օգտագործում է Աբովյանի ԳՍՊ-ի գազի պաշարները եւ եւ ոչ մի օգնություն չի ստանում հարեւան երկրներից: «Մեզ դեռեւս հայտնի չեն գազատարի պայթյունի պատճառները: Մենք հորդորել ենք ռուսական իշխանություններին պարզել դա: Նրանք որակում են պայթյունները որպես ահաբեկչական գործողություններ: Սակայն անկախ նրանից, թե ինչն է հանդիսացել պայթյունների պատճառը, ամենակարեւորն այն է, որ Հայաստանի եւ Վրաստանի հարեւանները միացրեցին ջանքերը եւ օգնության հասան հարեւաններին ճգնաժամի պահին: Դուք գիտեք, որ մենք այստեղ դեր ունեինք եւ հպարտ ենք դրանով», - հայտարարել է Շոն Մակքորմաքը: Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ն է եղել ԱՄՆ մասնակցությունը, Շոն Մակքորմաքը նշել է, որ «կատարվել են բազում հեռախոսազանգեր»: «Վրաստանում ԱՄՆ դեսպանն աշխատում էր վրացական իշխանությունների հետ, ներգրավվել էին պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը, պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթ Բրայզան, ինչպես նաեւ ԱՄՆ այլ ներկայացուցիչներ», - ասել է Շոն Մակքորմաքը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: