4 հունիսի 2013 - 10:26 AMT
Գյուղատնտեսության նախարարությունում արձանագրվել է 95,8% կատարողական, Բնապահպանությունում՝ 86,3%

Ազգային Ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր շարունակվում է գյուղատնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության ոլորտներում «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց հաշվետու տարում այս նախարարություններում կատարողականի ցուցանիշները: Գյուղատնտեսության նախարարությանը հաշվետու տարում հատկացվել է 10 մլրդ դրամ, արձանագրվել է 95,8% կատարողական: 2012-ին նախարարությունը իրականացրել է բյուջետային 24 ծրագիր, ևս 7 ծրագիր իրականացրել է նախարարության ենթակայության տակ գործող Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որին հատկացվել է մոտ 850 մլն դրամ:

Բնապահպանության նախարարությանը հաշվետու տարում պատասխանատու է եղել 28 բյուջետային ծրագրրի համար: Տրամադրվել է 2 մլրդ 734 մլն դրամ, արձանագրվել է 86,3% կատարողական: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Բնապահպանության նախարարությունում կատարողականի ցածր տոկոսը պայմանավորված է արտաքին աջակցությամբ ծրագրերի համեմատաբար ցածր կատարողականով: