24 հունվարի 2006 - 15:08 AMT
Այսօր Հայաստան են ժամանում թռչնագրիպի դեմ պայքարի մասնագետները
Հունվարի 24-ին Թուրքիայից Հայաստան եւ Վրաստան կժամանեն թռչնագրիպի դեմ պայքարի ամերիկացի մասնագետները: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան փոխդեսպան Էնթոնի Գոդֆրիի խոսքերով, ամերիկացի փորձագետները հանդիպումներ կունենան Հայաստանի գյուղատնտեսության , առողջապահության նախարարությունների ղեկավարության, ինչպես նաեւ Հայաստանում թռչնագրիպի խնդրով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ: «Մենք գիտենք, որ թռչնագրիպը պետական սահմաններ չճանաչող խնդիր է, եւ պայքարը նրա դեմ մեր ընդհանուր պարտականությունն է: Պայքարի լավագույն միջոցը հիվանդության վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն է: Այդ պատճառով, ժամանող պատվիրակության կազմում են ներգրավվել որակավորում ունեցող մասնագետներ, որոնք զբաղվում են խնդրի հենց այդ ասպեկտով: Նրանք կհանդիպեն Հայաստանի գիտության եւ կրթության նախարարության ներկայացուցիչների հետ եւ կքննարկեն տեղեկատվության հասանելիությանը վերաբերող առաջնային հարցերը»,-հաղորդել է Էնթոնի Գոդֆրին: Նշենք, որ մասնագետների այցը ֆինանսավորում է ԱՄՆ կառավարությունը: Նպատակներից մեկն է` պարզել, թե ինչով կարող է ԱՄՆ-ն օգնել Հայաստանին թռչնագրիպի դեմ պայքարում: «Հայաստանը ընդգրկված է բարձր մակարդակի ռիսկայնության երկրների թվում, այդ պատճառով խորը հետազոտություններն այս երկրում ուղղակի անհրաժեշտ են»,-գտնում է ամերիկացի փոխդեսպանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: