
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելեց Շիրակի մարզ, Մեղրաշեն և Ազատան համայնքներում ծանոթացավ հակակարկտային կայանների վիճակին և հզորություններին:
Փոխվարչապետն այնուհետև խորհրդակցություն անցկացրեց Ազատանի համայնքապետարանում, որին մասնակցում էին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման նախարարությունների ներկայացուցիչներ, մարզի հակակարկտային կայաններ ունեցող համայնքների ղեկավարներ, կայանները շահագործող ընկերությունների պատասխանատուներ:
Քննարկվեցին մարզում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգին չպատկանող հակակարկտային կայաններն ընդհանուր համակարգին միացնելու նպատակահարմարության, ինչպես նաև նոր կայաններ տեղադրելու հնարավորություններին առնչվող հարցեր: Զեկուցվեց, որ մարզում առկա է ընդհանուր առմամբ 41 հակակարկտային կայան, որոնցից 11-ը տեղադրված է պետական ծրագրով, իսկ մնացած 30-ը` այլ հիմունքներով: Շիրակի մարզում ևս ցանքատարածությունները և, հատկապես, հացահատիկի բերքը կարկուտից պաշտպանելու համար հակակարկտային կայանների թվի ավելացման անհրաժեշտություն կա:
Խորհրդակցությանը համայնքի ղեկավարները բարձրացրեցին նաև ոռոգման և խմելու ջրի համակարգերի ներտնտեսային ցանցերի արդիականացման, սահմանային գոտում գտնվող հողերի օգտագործման, գյուղմթերքի, մասնավորապես կարտոֆիլի, իրացման հետ կապված և ընթացիկ այլ հարցեր:
Շիրակի մարզից փոխվարչապետը մեկնեց Արագածոտնի մարզ, խորհրդակցություն անցկացրեց Բյուրականի համայնքապետարանում, որի ընթացքում քննարկվեց Կարբի և Բյուրական համայնքներում առաջին սեփականաշնորհման ժամանակ պետական գրանցում չստացած և բնակիչների կողմից օգտագործվող հողերի նկատմամբ իրավունքների գրանցմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Ս. Սահակյանը, Տարածքային կառավարման նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչներ, համայնքապետեր, համայնքի բնակչության ներկայացուցիչներ:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ փոխվարչապետը կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչներին առաջարկեց հաշվարկել չափագրումների համար անհրաժեշտ գումարի չափը և համապատասխան առաջարկություններ ներկայացնել: