Նախարար. Ավանդների փոխհատուցման ծրագիր իրականացնելու մտադրություն կառավարությունը չունի

Նախարար. Ավանդների փոխհատուցման ծրագիր իրականացնելու մտադրություն կառավարությունը չունի

PanARMENIAN.Net - Առաջիկա ամիսներին սոցիալապես անապահով շուրջ 62 հազար ընտանիքներ, ովքեր մինչև 1993 թվականը ներդրված ավանդներ են ունեցել, կստանան իրենց ավանդների դիմաց փոխհատուցումներ: Այս մասին այսօր 2012թ.-ի պետբյուջեի կատարողականի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա նկատեց, որ հարցը օրենքով կարգավորվելու կարիք ունի և կներկայացվի Ազգային ժողովին օրենքի նախագծի տեսքով:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նկատեց, որ1993 թվականին նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները վարչապետի որոշմամբ պետական պարտք են համարվել և խոստացվել է, որ շուտով կտան պարտատոմսեր: 2000թ.-ին որոշակի փոխհատուցում եղավ՝ մեկը հիսունի չափով: «Այնուամենայնիվ, դա արդար չէ, երբեմն ինձ թվում է, որ ավելի լավ էր այդպիսի լուծումներ չանել, քան այդ ձևով անել: Մտադի՞ր եք պարտատոմսեր, արժեթղթեր տալ և ընդունել այդ պարտքը»,- հարցրեց պատգամավորը:

Արտեմ Ասատրյանն արձագանքեց, որ ավանդների վերադարձման ծրագիր, որպես այդպիսին, երբեք չի եղել: Դրա հետ կապված քաղաքական որոշումը եղել է որպես մինչև 1993 թվականը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիր՝ սոցիալապես անապահով ընտանիքներին:

«Այն հաշվարկները, որ ժամանակին կատարվել են, եթե չեմ սխալվում, շուրջ 10 մլրդ դրամի մասին է խոսքը գնում: Կառավարության ծրագրում էլ գրված է, որ շարունակաբար կիրականացվի ծրագիր և որոշակի մեթոդաբանությամբ իրականացվող այդ ծրագիրը սոցիալական աջակցության ծրագիր է, ոչ թե ավանդների վերադարձի ծրագիր»,- ասաց նախարարը:

Արտեմ Ասատրյանը նշեց, որ փոխհատուցման ծրագիր իրականացնելու մտադրություն կառավարությունը չունի:

Ավելացնենք, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրն իրականացվում է «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածով հաստատված ծրագրով և ՀՀ կառավարության 2006թ որոշմամբ հաստատված կարգով: Ծրագիրը կրում է հասցեական բնույթ և նպատակուղղվում է սոցիալապես առավել անապահով խմբերին դասված քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը: Այն ավանդների վերադարձ չէ, այն չի կարող վերաբերել բոլոր ավանդատուներին, քանի որ նրանք ոչ բոլորն են սոցիալապես առավել անապահով կամ աղքատ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---