«Փակ շուկա». Հաղորդում հանցագործության մասին Երևանի քաղաքապետի և կառուցապատողի դեմ

«Փակ շուկա». Հաղորդում հանցագործության մասին Երևանի քաղաքապետի և կառուցապատողի դեմ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը Երևանի Փակ շուկայում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՄԻՊ Կարեն Անդրեասյանին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է տարածված հաղորդագրությունից, որի մեջ նաև նշված է. «Շուրջ մեկ տարի է, ինչ Երևանի հուշարձաններից մեկը` Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող Փակ շուկան, որը բացվել է գրեթե 60 տարի առաջ, ենթարկվում է հիմնական փոփոխման, ոչնչացման և ոչ մի իրավասու մարմին այդպես էլ պատշաճ կարգով չի արձագանքում այս ապօրինությանը:

Մինչ օրս ոչ միայն չի ապամոնտաժվել ապօրինի կառուցված ավելորդ հատվածը, հուշարձան-շենքը ոչ միայն չի բերվել նախկին տեսքի, այլ նաև այսօր էլ շարունակվում է ապօրինի շինարարությունը:

Իրավապահ մարմինների կողմից իրենց պարտականությունների չկատարման պատճառով Փակ շուկան շարունակում են աղավաղել` շինաշխատանքների կեղծ ու ձևական դադարեցումների, վարչական տույժերի միջև ընկած ժամանակահատվածում: Հասարակության շրջանում տարածված զանգվածային անվստահությունն իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ ավելի է խորանում հատկապես, երբ տեղի ունեցող հանցագործությունները ուղղված են հասարակական կարգի և բարոյականության դեմ:

Փակ շուկայի կառուցապատողին, ով մեկ տարվա ընթացքում ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, շինության կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցը չքանդելու ու պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանը վնասելու համար քրեական պատասխանատվության չենթարկելը հանգեցրել է անօրինականության շարունակությանը, որն, ըստ էության, միտված է հուշարձանի ոչնչացմանը:

Երևանի քաղաքապետը շուկայի կառուցապատողից` սեփականատիրոջից, չպահանջելով արդեն կառուցված հատվածի քանդումը և քանդված կամարաշարի վերականգնումը՝ հանդես է եկել կառուցապատողի կողմից իրականացված ապօրինությունների հովանավորող, ինչն էլ իր հերթին հանգեցրել է քրեորեն հետապնդելի արարքի կատարմանը»:

Զարուհի Փոստանջյանը տվել է նաև Փակ շուկայի կառուցապատողին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին քրեական պատասխանատվության կանչելու իրավական հիմնավորումը: «Նրանք թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 11-րդ գլխով նախատեսված` հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների ցանկում ընդգրկված 264 հոդվածի խախտում` պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը, ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների ցանկում ընգրկված 315'1 հոդվածի խախտում` ինքնակամ շենքի կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցը չքանդելը և 315'2 հոդվածի խախտում` շենքի ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը», - նշել է պատգամավորը` ավելացնելով, որ հիմք ընդունելով վերոգրյալը խնդրում է համապատասխան ընթացք տալ հաղորդմանը և արդյունքների մասին օրենքով սահմանված կարգով հայտնել իրեն:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---