Ջոն Քերի. Մենք կարևորում ենք բարեկամ հայ ժողովրդի անվտանգության ապահովումը

Ջոն Քերի. Մենք կարևորում ենք բարեկամ հայ ժողովրդի անվտանգության ապահովումը

PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ պետքարտուղար Քերին նշեց, որ լինելով Մասաչուսեթս նահանգից, որտեղ առկա է մեծ հայկական համայնք, լավ ծանոթ է Հայաստանի առջև ծառացած խնդիրներին։ Միացյալ Նահանգների պետքարտուղարի խոսքերով՝ Հայաստանն ու Միացյալ Նահանգները գործընկներ են տարբեր նախաձեռնություններում։ Հայաստանն իր նպաստն է բերում Աֆղանստանում անվտանգության ապահովման ուժերին, կարևոր դեր է կատարում Կոսովոյում խաղաղության ապահովման գործում։

«Մենք կարևորում ենք երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացումը, ժողովրդավարության ամրապնդումը և բարեկամ հայ ժողովրդի անվտանգության ապահովումը»,- ընդգծեց ԱՄՆ պետքարտուղարը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Ես ուրախ եմ գտնվել Վաշինգտոնում և հանդիպել Ձեզ՝ քննարկելու Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամական գործընկերությունն ամրապնդելու ուղիները»:

Հայաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորությունները և այդ նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը, անդրադարձան երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, կարևորեցին մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսության մեկնարկը, «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի գործունեության վերսկսումը Հայաստանում: Ջոն Քերին վերահաստատեց Միացյալ Նահանգների հանձնառությունը շարունակել ամենայն աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը:

Հանդիպման ընթացքում հանգամանալից մտքեր փոխանակվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Պետքարտուղար Քերին ընդգծեց, որ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր ամբողջական աջակցությունը հակամարտության կողմերի միջև համաձայնության ձեռք բերման և հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով, ինչը, նրա բնորոշմամբ, նոր հնարավորություններ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացման, կայունության և անվտանգության ամրապնդման համար:

Ընդունելով Հայաստան այցելելու հրավերը՝ Ջոն Քերիին տեղեկացրեց, որ ցանկություն ունի այն իրականացնել այս տարվա ընթացքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---