5 հունիսի 2013 - 11:42 AMT
Հռոմի պապ. Վատիկանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2000 թվականին

Տանն Կիլիկիո հայ կաթողիկե պատրիարքության պատվիրակությունը, կաթողիկոս Ներսես Բեդրոս XIX գլխավորությամբ, հանդիպում է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ, որը հանդիպման ժամանակ հաստատել է, որ Վատիկանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2000 թվականին: Ներսես Բեդրոսը XIX-ը Ֆրանցիսկոս Պապին է նվիրել Հիսուս Քրիստոսի խաչելությունը պատկերով կտավ:

Ինչպես գրում է Diario Armenia-ն, հանդիպման ժամանակ պոնտիֆիկը հաստատել է Վատիկանի տեսակետն առ այն, որ Հայոց ցեղասպանությունը եղել է XX դարի առաջին ցեղասպանությունը և նա ասել է այդ մասին դեռևս 7 տարի առաջ Բուենոս Այրեսում: 2006 թվականին կարդինալ Խոսե Բերգոլյոն կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես «Օսմանյան կայսրության ամենասարսափելի ոճրագործություն հայերի ու մարդկության դեմ»:

Ըստ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրենի, կարդինալ Բերգոլյոյի հայտարարությունն առաջինն էր պոնտիֆիկատի XX դարի պատմության մեջ: