25 հունվարի 2006 - 14:35 AMT
ԵԽԽՎ-ն ի գիտություն է ընդունել Հայաստանում սահմանադրական հանրաքվեի մասին զեկույցը
Հունվարի 23-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն ի գիտություն է ընդունել ԵԽԽՎ Բյուրոի ամենամյա զեկույցը, որտեղ իր արտացոլումն է գտել նաեւ 2005 թվականի նոյեմբերի 27-ին կայացած հանրաքվեն Հայաստանի Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ: Քվեարկության ընթացքին հետեւող բրիտանացի խորհրդարանական Նայջել Էվանսը իր ելույթում հայտարարել է, որ «թեեւ ժողովրդավարության առումով Հայաստանը վերջին տեղերում չէ, դեռեւս շատ անելիք կա»: Հանրաքվեի հարցի վերաբերյալ ելույթով հանդես եկած ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության փոխղեկավար, Հայաստանի ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեղադրեց ընդդիմությանը իր ներկայացուցիչներին ընտրատեղամասերից ետ կանչելու եւ հանրաքվեին չմասնակցելու համար, որի արդյունքում անհնար դարձավ լիարժեք վերահսկել քվեարկության ընթացքը: «Հայաստանն ընթանում է ժողովրդավարացման ճանապարհով եւ 2007 եւ 2008 թվականներին անխուսափելիորեն պետք է ժողովրդավարական ընտրություններ անցկացնի: Երկիրը գտնվում է քաղաքական զարգացման այն փուլում, երբ ազատ եւ արդար ընտրություններն այլընտրանք չունեն»,-նշել է Ա.Ռուստամյանը: Ելույթի համար հերթագրվել էր նաեւ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի նոր ներկայացուցիչը ԵԽԽՎ-ում` Ստեփան Դեմիրճյանը, սակայն հերթը նրան այդպես էլ չի հասել: Իր ելույթի տեքստը Դեմիրճյանը փոխանցել է ԵԽԽՎ քարտուղարություն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: