5 հունիսի 2013 - 15:05 AMT
ԱԺ փոխնախագահ. Որևէ մեկը Հայաստանի առջև «մեզ հետ եք, թե մեզ հետ չեք» խնդիր չի դրել

Եվրամիությունն ու Եվրասիական միությունը իրար բոլորովին չեն հակասում, կարծում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Այսօր լրագրողներր հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ ըստ էության՝ այսօր Եվրասիական միությունը կայացման ճանապարհն է դեռ ընթանում: «Որևէ մեկը Հայաստանի առաջև խնդիր չի դրել՝ մեզ հետ եք, թե մեզ հետ չեք: Բայց պետք է նկատել, որ կարող են լինել խորքային համագործակցություններ առանց այս կամ այն բլոկին անդամակցելու»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Նա տեղեկացրեց, որ մայիսի 28-ից 30-ը Ռուսաստանի Դաշնությունում կայացել է ՀՀ ԱԺ-ի և ՌԴ ԴԺ-ի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական 22-րդ նիստը: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ նիստի օրակարգում Եվրասիական ինտեգրացիայի գործընթացներում Հայաստանի մասնակցության հեռանկարներին առնչվող հարց կար:

«Մեր վերլուծություններում մենք մատնանշեցինք այն հնարավոր համագործակցության մեխանիզմները, ձևերը, ոլորտները, որոնք թույլ կտան որոշակի իրավիճակում համագործակցել Եվրասիական միության հետ՝ չունենալով ընդհանուր ցամաքային սահման, ունենալով փոքր-ինչ տարբերվող օրենսդրություն` կապված այն կազմակերպությունների հետ, որոնց հետ մենք ներկայումս համագործակցում ենք. նկատի ունեմ, որ Հայաստանը շատ վաղուց է անդամակցում Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը բոլորովին վերջերս է միացել, և դրա ազդեցության ներքո արդեն գոյացել է կոնկրետ ուղղվածություն ունեցող օրենսդրություն»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

Ըստ նրա՝ չնայած ընդհանուր սահմանի բացակայությունը էական խոչընդոտ է, բայց միևնույն ժամանակ աշխարհում կան բազմաթիվ միություններ, որոնք համագործակցում են տարբեր պետությունների հետ` առանց այս հանգամանքի առկայության, և այս առումով Հայաստանը ևս պետք է կարողանա գտնել նման համագործակցության սխեմաներ, մեխանիզմներ, առավել ևս, որ օբյեկտիվորեն կան բավական լուրջ հիմքեր և հնարավորություններ տնտեսութան տարբեր ոլորտներում այդ համագործակցության կազմակերպման համար: Հերմինե Նաղդալյանը համոզված է, որ դա կարող է Եվրասիական միության և Հայաստանի միջև համագործակցության հիմք դառնալ: