5 հունիսի 2013 - 15:33 AMT
Զ.Փոստանջյանը Գորիսի միջադեպի հետ կապված պատգամավորական հարցում է ուղարկել վարչապետին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատգամավորական հարցում է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ Գորիսի միջադեպի վերաբերյալ.

«Հարգելի պարոն Սարգսյան, Սույն թվականի հունիսի 1-ին Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցներից տեղում մահացած Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանի և նրա եղբորը՝ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանին ծանր հրազենային վնասվածքներ պատճառելու հետևանքով 03.06.2013 թվականին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն հանդես է եկել հետևյալ հատարարությամբ` «Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»: Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով՝ խնդրում եմ հնարավորինս շտապ տրամադրել պատասխան հետևյալ հարցերի վերաբերյալ.

1. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը շարունակում է կատարել մարզպետի լիազորությունները, թե ոչ:

2. Վերադաս մարմնից ստացած թույլտվության մասին Դուք տեղեկացված եք, թե ոչ, եթե այո, ապա որ վերադաս մարմնի մասին է հայտարարում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը և որոնք են այդ թույլտվության իրավական հիմքերը:

3. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը գտնվում է արձակուրդի մեջ, թե ոչ:

4. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը աշխատանքից բացակայելու հիմքերի մասին, որևէ փաստաթուղթ ներկայացրել է, թե ոչ, եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել փաստաթղթի պատճեն:

5. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազատման մասին կառավարության որոշում առկա է, թե ոչ, եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել որոշման պատճեն:

6. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազատման մասին կառավարության որոշում եթե առկա է, ապա այն, համաձայն ՀՀ Սահմանադրության 88.1 հոդվածի, ուղարկվել է վավերցաման, թե ոչ», -ասված է Զարուհի Փոստանջյանի հարցման մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի գիշերը Սյունքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ մոտ հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահներից հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բուդաղյաններից մեկը Գորիսի գնդի նախկին հրամանատարն է, ով այժմ ծառայում է ԼՂՀ ՊԲ-ում, իսկ մյուսը` Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն էր: Սյունիքի մարզպետի որդին ու թիկնապահը կալանավորված են: