5 հունիսի 2013 - 16:30 AMT
Հյուսիս-հարավ ճանապարհատվածի շինարարության պատասխանատուներին 1 ամիս է տրվել, որ թերացումներն ուղղեն

Հյուսիս-հարավ ճանապարհատվածի շինարարության ընթացքում Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված խախտումներին Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղյակ է, համապատասխան քայլեր արդեն ձեռնարկվում են: Այս մասին այսօր 2012թ-ի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկմանն հայտնեց փոխնախարար Հրանտ Բեգլարյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ պատասխանատու երկու ընկերություններին թերացումներն ուղղելու մեկ ամիս ժամանակ է տրվել։ Հրանտ Բեգլարյանը նշեց, որ երեք ամիս ուշացում է եղել, և լուրջ խնդիրներ են առաջացել ընդհանուր կառավարման հարցում. «Որակական խնդիրների մասով մենք լրացուցիչ հսկողություն ենք իրականացրել և առաջին մի քանի հատվածում որակական էական խախտումներ են հայտաբերվել»: Նախարարը հայտնեց, որ կառավարման խորհուրդը կքննարկի, թե կազմակերպություններն ի վիճակի են շարունակել աշխատել, թե՝ ոչ։

Ավելացնենք, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» ընթացքն ուսումնասիրելիս ՎՊ հինգերորդ վարչությունն օպերատիվ հսկողության ընթացքում արձանագրել է, որ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունը չի կատարել համաձայնագրով իրեն վերապահված պարտավորությունները: Արձանագրված խախտումների եւ թերացումների մասին զեկուցվել է ՀՀ նախագահին, արդյունքում ծրագրերի իրականացման տնօրենն ազատվել է աշխատանքից:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի երկարությունը պետք է կազմի 556 կմ, դրա կառուցման ժամկետը 2009թ.-ից մինչև 2017թ.-նն է: Ճանապարհի շինարարությունն իրականացնում է իսպանական «Իզոլյուքս կորսան» ընկերությունը, իսկ տեխնիկական վերահսկողության համար պատասխանատու է ֆրանսիական «Սոֆեժ» ընկերությունը:

Հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս` (Մեղրի-Երևան-Աշտարակ-Գյումրի-Բավրա) միջանցքը պետք է միանա վրացական ճանապարհին հարավային կողմից, որը տանում է դեպի Փոթի և Բաթումի նավահանգիստները: