5 հունիսի 2013 - 18:15 AMT
Սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց մարաթոնի մասնակիցներն այցելել են Մայր Հայաստան հուշահամալիր

Հունիսի 5-ին «Համագործակցություն-2013» խորագիրը կիրող սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնի մասնակիցներն այցելեցին Մայր Հայաստան հուշահամալիր, ծաղիկներ դրեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ։

Ռուսաստանի երիտասարդ հաշմանդամների «Ապարրել» ասոցացիան ներկայացնող Արաքսյա Մանուկյանը, ով նաև ծրագրի համակարգողն է, նշում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնը նպատակ ունի քննարկել տարբեր երկրներում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, դրանց լուծման համար ուղիներ փնտրել։ «Հայաստան են ժամանել Ռուսաստանը և Ուկրաինան ներկայացնող հաշմանդամներ, որոնք մշակութային, սպորտային, գեղեցկության մրցույթների հաղթողներ են։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ ոչ սայլակը, ոչ էլ հաշմանդամության կարգավիճակը չեն կարող մարդու համար խոչընդոտ լինել, որպեսզի նա լիարժեք ապրի, աշխատի կամ ընտանիք կազմի»,- ասում է Արաքսյա Մանուկյանը։

Մարաթոնի մասնակիցներն այսօր այցելել են նաև Մատենադարան։

Նշենք «Համագործակցություն-2013» խորագիրը կիրող սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Ռուսաստանի երիտասարդ հաշմանդամների «Ապարրել» ասոցացիան, հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: