5 հունիսի 2013 - 18:37 AMT
ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ Միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը նվիրված կլինի տրանսպորտային խնդիրներին

Մայիսի 28-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ-ի և ՌԴ ԴԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական 22-րդ նիստում քննարկվել են տնտեսական հարաբերությունների խորացմանը, մասնավորապես փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների միջև համագործակցությանը, ինչը կարևորելով՝ հանձնաժողովը որոշում է կայացրել 2014-ի մայիսյան նիստի ժամանակ քննարկել այդ համագործակցության առկա վիճակը, պայմաններն ու խոչընդոտող հանգամանքները: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և նշեց, որ այդ նպատակով հայկական կողմը ստեղծել է աշխատանքային խումբ:

Միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ՝ 23-րդ նիստի օրակարգը նվիրված կլինի Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտային խնդիրների լուծմանը:

ԱԺ պատգամավոր, պատվիրակության անդամ Ռուզաննա Մուրադյանը նշեց, որ այցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ռուսական կողմի հետ` իրականացնելու համատեղ կրթական, սպորտային ու մշակույթային ծրագրեր, որոնք ուղղված կլինեն երկու երկրներում այդ ոլորտների զարգացմանը:

Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահի առաջին տեղակալի, ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի և կոմիտեի այլ անդամների հետ, և քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը և հետագա զարգացմանն առնչվող հարցեր, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: