5 հունիսի 2013 - 19:13 AMT
Հանքարդյունաբերությունն օֆշորից դուրս բերելու նախագիծ. Կառավարությունում և ԱԺ-ում` ոչ դրական եզրակացություն

Այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվել է Հրանտ Բագրատյանի հեղինակած «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է 2014 թվականի հունվարի 1-ից հանքարդյունաբերության և արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ և այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունների կապիտալում արգելել այն ընկերությունների մասնակցությունը, որոնք գրանցված են օտարերկրյա օֆշորներում, այդ ընկերություններին արգելել արտադրանքի վաճառքը օֆշորներում գրանցված ընկերություններին, արգելել հումքի, նյութերի, սարքերի, սարքավորումների, տեխնիկայի, տեխնոլոգիաների, ֆինանսական և այլ ծառայությունների գնումները օֆշորային ընկերություններից:

Հեղինակի գնահատմամբ` օրինագծի ընդունումը թույլ կտա հանքարդյունաբերության ոլորտում հասնել ստվերային տնտեսության շեշտակի կրճատմանը:

Հ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ոչ դրական տեսակետը` միաժամանակ տեղեկացնելով, որ կառավարությունը մշակում է մի նախագիծ, որում կկարգավորվեն նաև օֆշորի հետ կապված խնդիրները:

Հանձնաժողովը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց ոչ դրական եզրակացություն: