
Մայիսի 23-ից 27-ը Ստամբուլում անցկացված FIDH–ի 38-րդ համագումարում ընդունվել է բանաձև հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ: FIDH–ը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և վերջ տալ Հայաստանի Հանրապետության շրջափակմանը՝ առանց որևէ նախապայմաների, ու անհապաղ քայլեր ձեռնարկել հայ–թուրքական դիվանագիտական հարաբերությունների ստեղծման ուղղությամբ։ Այս բանաձևն այսօր քննարկվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ում. հենց այս և թուրքական 2 ՀԿ-ների ջանքերով է այն ընդունվել:
«Հայ–թուրքական հարաբերությունների խնդիրների բարձրաձայնման համատեքստում խորհրդանշական էր, որ Երևանում անցկացրած 37-րդ FIDH–ի համագումարին հաջորդեց 38-րդը՝ Ստաբուլում։ Եվ մեզ համար անչափ կարևոր էր հասնել այս բանաձևի ընդունմանը, որը վերահաստատեց ու էլ ավելի հստակեցրեց այն ձևակերպումները, որոնցով հանդես էինք եկել երեք տարի առաջ», - ասել է ՔՀԻ խորհրդի նախագահ, իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանը:
Համագումարին ասնակցել են իրավապաշտպան կազմակերպություններ 100 երկրներից: Այն և նախորդող ֆորումը մեծ հնչեղություն են ունեցել Թուրքիայում։ Միջոցառումներին մասնակցել են Միջազգային քրեական դատարանի նախագահ Սանգ-Հյուն Սոնգը, FIDH–ի նախագահ Սուեր Բելասենը, Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը, Եվրոպական միության Մարդու իրավունքների հատուկ ներկայացուցիչ Ստավրոս Լամբրինիդիսը, իսկ համագումարի փակմանն իր ելույթն է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը։
Հատկանշական է, որ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ համատեղ այս բանաձևի նախաձեռնողներն էին երկու թուրք իրավապաշտպան կազմակերպություններ՝ Մարդու իրավունքների ասոցիացիան և Մարդու իրավունքների թուրքական հիմնադրամը։ Համագումարի անցկացման օրերին կազմակերպվել է նաև միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ FIDH–ի անդամները և թուրք իրավապաշտպանները՝ ձեռքերում կրելով սպանված հայ մտավորականների նկարները, ծաղիկներ են գցել Բոսֆորի նեղուցի ջրերը։